Ինչու պարսիկները Հաղպատի վանքում սպանեցին աղոթող Սայաթ-Նովային

Ինչու պարսիկները Հաղպատի վանքում սպանեցին աղոթող Սայաթ-Նովային

Սայաթ-Նովան ապրել ու ստեղծագործել է 18-րդ դարում, դրանից զատ, նա ապրում էր վրացական միջավայրում, և այդ ամենի հետ մեկտեղ բարդ է ունենալ ճշգրիտ արխիվային տեղեկություններ։ Սա՝ այն դեպքում, որ հայերը ոչ բոլոր դեպքերում են կարողանում հանգիստ օգտվել վրացական արխիվներից։ Հեղինակի հետ կապված վերոնշյալ խնդիրներին հանդիպում ենք նախ ծննդյան թվականի հետ կապված տեղեկություններում։ Սայաթ-Նովայի ծննդյան մի քանի թվական է շրջանառվում. 1710, 1711,1712, 1722, 1724:

Աշուղ-բանաստեղծի կենսագրության ուսումնասիրությամբ և կենսագրության  տեղեկությունների հանրայնացմամբ զբաղվել է Գևորգ Ախվերդյանը։ Մասնավորապես հենց նա է նշում, որ Սայաթ-Նովան Թիֆլիսից հեռանում է, դառնում քահանա, իսկ կնոջ մահից հետո վեղար է կրում և իր հոգևոր կյանքն անցկացնում Հաղպատի վանքում։

Պետք է ընդգծել, որ խորհրդային շրջանում, երբ ամենուր պրոպագանդվում էր աթեիզմը, Սայաթ-Նովան ևս չկարողացավ վրիպել այդ ամենից։ Հենց այդ շրջանում էր, որ Սայաթ-Նովայի հոգևորական դառնալը ներկայացվեց՝ որպես վրաց Հերակլ 2-րդ արքայի կողմից Սայաթ-Նովային տրված պատիժ։

Սակայն Սայաթ-Նովայի կենսագիրները հստակ նշում են, որ դեռ մանուկ հասակում նա եկեղեցում ծառայություն էր անցնում և երգում երգչախմբում, հետևաբար՝ «անաստվածության շրջանի» սխալ տեսակետը ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Գևորգ Ախվերդյանը հետաքրքիր տեղեկություններ է նշում նաև Սայաթ-Նովայի կյանքի վերջին տարիների, ինչպես նաև ողբերգական մահվան մասին.

«Սայաթ-Նովայի տխրության պատճառը, գրում է Ախվերդյանը, ահեղ դատաստանից երկյուղ կրելն է, փարատելու համար այդ, նա մտածում էր վանք մտնել, սիրել անապատ, վանք, քար։ Ձանձրացած կյանքի վայելչություններից, որոշում է վանք մտնել, իր զավակներին թողնելով Թիֆլիսում, գնում է Հաղպատ և դառնում կրոնավոր։ Թե երբ է հոգևոր կոչում ընդունում, հայտնի չէ։ Ախվերդյանն այն կարծիքին է, որ կնոջ մահից առաջ վանք մտած լինի, բայց ենթադրում է, որ միայնակեցության տրամադրությունը հարկադրված կլիներ կնոջ մահից մի քանի տարի առաջ «հրաժարած ըլի խաղ ասելուցն, էնդուր որ դավթարում չէ պատահում 1759-ից հետո հանած խաղ»։

Կնոջ` Մարմարի մահից հետո, 1768 թվականին, Սայաթ-Նովան Հաղպատի վանքում ընդունում է վեղար և այստեղ էլ մեռնում։ Երբ լսում է Աղա-Մահմեդ խանի մոտենալը Թիֆլիսին, Սայաթ-Նովան հիշում է իր զավակներին` Մելիքսեդին և Օհանին, Սառային և Մարիամին, գալիս է Թիֆլիս ու նրանց ուղարկում Մոզդոկ, իսկ ինքը վերադառնում է Հաղպատ։ Պարսիկները մտնում են քաղաքը և ավերում ու կողոպտում, այնուհետև հարձակվում Հաղպատի վրա, մտնում վանք, որտեղ աղոթում էր Սայաթ-Նովան։ Նրանք պահանջում են, որ Սայաթ-Նովան ուրանա իր հավատը, բայց նա մերժում է՝ ասելով.

Եկեղեցուց չեմ դուրս գալ, չեմ ուրանա Հիսուսին։

Պարսիկ զինվորները սպանում են հենց եկեղեցում 1795 թ. Սեպտեմբերին»։

Չուրանալով սեփական կրոնն ու անձը, Սայաթ-Նովան մարտիրոսացավ, որով հավատարիմ մնաց ազգային կրոնին և արժեքներին։ Ցավալիորեն պիտի նշենք, որ Սայաթ-Նովային պատշաճ չգնահատելով և տեր չկանգնելով, մենք նրան թողնում ենք թշնամիների մարտահրավերների առաջ միայնակ։

Պատահական չէ, որ արհեստածին Ադրբեջան կոչվող միավորումը երբեմն ակտիվանում է և Սայաթ-Նովային ներկայացնում՝ որպես ադրբեջանցի բանաստեղծ։ Մենք մեր արժեքներին չենք հիշում, չենք սովորում, չենք գնահատում, իսկ նրանք յուրացնելով մեր սեփական արժեքները՝ դարձնում են իրենցն ու աշխարհի բաց աչքերի առաջ կեղծիքով ստեղծում «իրենց մշակույթը»։