Հունիսի 29-ին Վրաստանի հանրային շենքերի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում Թբիլիսիում ստորագրվել են 55,85 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրեր:
Ծրագրի գլխավոր նպատակը դպրոցական շենքերի կայուն և համալիր վերանորոգումն է` բարելավելու դրանց էներգաարդյունավետությունը և ուսուցիչների ու աշակերտների պայմանները: Ծրագիրը նպաստում է էներգաարդյունավետության համակարգի բարելավմանը և ԵՄ համապատասխան հրահանգներին համապատասխանությանը՝ էներգաարդյունավետության նոր չափորոշիչներ կիրարկելով ամբողջ երկրում մեծ թվով հանրակրթական դպրոցների վերանորոգման գործում:
Պայմանագրերի կատարումը հիմնականում կֆինանսավորի Գերմանիան, իսկ ԵՄ-ն կտրամադրի 12,65 մլն եվրո դրամաշնորհ։
Ծրագիրը ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի ավելի լայն «Եվրոպայի թիմ» (Team Europe) համատեղ նախաձեռնության մի մասն է: Ծրագրի իրականացմանն աջակցելու համար այս տարի ավելի վաղ նախաձեռնվել էր ՎԶԵԲ-ի կողմից մինչև 40 միլիոն եվրո վարկի և ԵՄ-ի կողմից առաջին 13 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհի տրամադրումը:
Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է իր ֆեյսբուքյան էջ այցելել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։
Պատվիրակությունը կպատասխանի հարցերին, թե ինչ պետք է արվի Վրաստանի համար բացված նոր հնարավորությունները բաց չթողնելու համար:
Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ձեր հարցերը կարող եք ուղղել ստորև բերված մեկնաբանությունների բաժնում կամ ուղիղ հաղորդագրությամբ:
Հնարավոր է, որ ձեր հարցին պատասխանի անձամբ Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։
Հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը որոշեց Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, ինչը երկրին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ վերջինս կլուծի մի շարք առաջնահերթ խնդիրներ, որոնք մատնանշված են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքում:
Վրաստանի Կախեթի մարզում ԵՄ աջակցությամբ անցկացվել է աշխատանքի տոնավաճառ
Հունիսի 21-ին Կախեթի մարզի Թելավի քաղաքի Վաժա Փշավելայի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Աշխատանքի տոնավաճառի նպատակն էր նպաստել երիտասարդների, ներքին տեղահանվածների, աշխատանքային փորձ չունեցող անձանց, տևական ժամանակ գործազուրկների և խոցելի խմբերի զբաղվածությանը:
Միջոցառման շրջանակում ընդհանուր առմամբ 35 փոքր, միջին և խոշոր ընկերություններ ներկայացրին մինչև 120 թափուր աշխատատեղեր և հնարավորություններ իրենց զբաղվածության և պրակտիկայի ծրագրերի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 աշխատանք փնտրողներ, որոնք հնարավորություն ունեցան հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, դիմել թափուր աշխատատեղերի համար և անմիջական շփման միջոցով ներկայացնել իրենց հմտությունները:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ԵՄ պատվիրակության, Զբաղվածության աջակցության պետական գործակալության, մասնագիտական ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների և աշխատանք փնտրողների, տեղական բիզնեսի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Ավելի քան 130 ոգեշնչող ստեղծագործություններ են ներկայացվել «Եվրոպական միությունը՝ հանուն Սև ծովի շրջակա միջավայրի մոնիտորինգի բարելավման» ծրագրի (EU4EMBLAS) աջակցությամբ հայտարարված «Նկարիր քո սևծովյան երազանքը» մրցույթին։ Տարածաշրջանային այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Վրաստանում և Ուկրաինայում:
Մրցույթը համախմբեց երկու երկրների ափամերձ շրջաններից ավելի քան 130 դպրոցականների և օգնեց նրանց արտահայտել Սև ծովի մասին իրենց զգացմունքները:
ՄԱԶԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ինչպես վրացի, այնպես էլ ուկրաինացի երեխաների կողմից ներկայացված աշխատանքներում գերակշռողը Ուկրաինայում պատերազմի թեման էր։
«Ուկրաինացի երեխաները պատկերել են խաղաղության իրենց հույսերը և պատմել պատերազմից տուժած ափամերձ շրջանների մասին, որտեղ ականային վտանգը մարդկանց քշում էր երբեմնի մարդաշատ լողափերից: Վրացի երեխաները աջակցություն են ցուցաբերել իրենց ուկրաինացի հասակակիցներին և նրանց բարեկամության ու համերաշխության ուղերձ հղել։ «Ծով։ Կյանք։ Խաղաղություն», «Ո՛չ պատերազմին», «Ես ձեզ ուղարկում եմ իմ սերը, խաղաղություն և ժպիտ», «Ծովը կիրականացնի մեր երազանքները». այս զգացմունքային և ջերմացնող խոսքերն ամրապնդեցին երիտասարդ արվեստագետների տեսողական ուղերձները»,- ասված է ՄԱԶԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Տասը մրցանակակիրի աշխատանքները (հինգը՝ Վրաստանից, հինգն էլ՝ Ուկրաինայից) հասանելի են EU4EMBLAS ծրագրի վեբկայքում:
Գործիքներ, որոնք կօգնեն ձեզ աշխատանք գտնել և ներկայացնել ձեր հմտությունները Եվրոպայում
Եվրոպական հանձնաժողովը ստեղծել է տարբեր առցանց գործիքներ, որոնք օգնում են աշխատանք գտնել ուսման ընթացքում կամ դրանից հետո, ինչպես նաև ներկայացնել ձեր հմտություններն ու որակավորումները ողջ Եվրոպայում:
Աշխատանքի հայտարարությունների EURES պորտալը թույլ է տալիս փնտրել կոնկրետ աշխատանք՝ զտված ըստ երկրի, լեզվի, պահանջվող կրթության մակարդակի և այլն: Այստեղ կարող եք նաև գտնել տարբեր երկրներում ապրելու և աշխատանքային պայմանների մասին տեղեկատվություն, աշխատաշուկայի վիճակի նկարագրություններ, միջազգային աշխատանքի տոնավաճառների հայտարարություններ՝ գործատուների հետ անմիջականորեն հանդիպելու համար և այլն:
EURES-ն այդպիսի տեղեկատվություն է տրամադրում Եվրոպական միության (ԵՄ) անդամ 27 երկրների, ինչպես նաև Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի վերաբերյալ:
Մեկ այլ՝ Europass պորտալը Եվրոպայում սովորողներին, աշխատողներին և աշխատանք փնտրողներին օգնում է արդյունավետորեն ներկայացնել իրենց հմտություններն ու որակավորումները: Այն օգտակար գործիք է ձեր ինքնակենսագրականը և ուղեկցող նամակները պատրաստելու, ինչպես նաև ձեր վկայականներն ու դիպլոմային հավելվածները մեկ տեղում հավաքելու համար:
ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ փաստաթղթեր, օրինակ՝ ԵՄ Կապույտ քարտ՝ ԵՄ երկրներում աշխատելու համար, ուստի Հանձնաժողովը խորհուրդ է տալիս վերջին րոպեին չթողնել վիզայի և/կամ աշխատանքի թույլտվութան ստացումը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների իր երկրորդ մրցույթը՝ աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին:
Դիմելու իրավունք ունեն մշակութային բոլոր բնագավառներում գործունեություն ծավալող 18 տարեկանից բարձր արվեստագետները կամ մասնագետները, ովքեր հանդիսանում են նշված երկրների քաղաքացիներ կամ օրինական բնակիչներ:
Մրցույթը բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաև գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:
Մրցույթն ուղղված է աջակցելու կարճաժամկետ (7-10 օրացուցային օր), միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) շարժունակության գործողություններին՝ համապատասխանաբար մինչև 1500, մինչև 3500 և մինչև 5000 եվրոյի չափով, ինչպես նաև վիրտուալ շարժունակության գործողություններին (որոնք ճանապարհորդություն չեն ենթադրում, բայց ներառում են առցանց մասնակցություն այլ երկրում տեղի ունեցող միջոցառմանը)՝ մինչև 1000 եվրոյի չափով։
Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:
Դիմորդները, առցանց հայտի ձևն օգտագործելով, պետք է պատրաստեն միջազգային շարժունակության գործողության բյուջեի հետ կապված գործողությունների ծրագիր և այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:
Բաց մրցույթի վերջնաժամկետը 2022թ. օգոստոսի 31-ն է։ «EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի գլխավորած կոնսորցիումի կողմից, որում ներգրավված են նաև Չեխական կենտրոնները, Դանիական մշակութային ինստիտուտը և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտը: Ծրագիրը 2022-2024 թվականներին, ընդհանուր առմամբ, կհայտարարի շարժունակության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ:
Վրաստան. դրամաշնորհներ միգրացիայի հարցերով զբաղվող ՔՀԿ-ների համար
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) ԵՄ կողմից ֆինանսավորվող «Վրաստանում միգրացիայի զարգացման ազդեցության ամրապնդում» (STREAMinG) ծրագրի շրջանակներում հայտարարել է դրամաշնորհային հայտամրցույթ, որին հրավիրում է մասնակցելու Վրաստանում միգրացիայի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
ՔՀԿ-ները կարող են ներկայացնել ծրագրային առաջարկներ հետևյալ թեմատիկ ոլորտներում.
Դրամաշնորհի գումարը պետք է կազմի 18,000-ից մինչև 23,000 եվրո՝ մեկ դիմորդի դեպքում, կամ 46,000 եվրո՝ մի քանի դիմորդների դեպքում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը:
Վրաստան. CENN-ը կլիմայի փոփոխությանը նվիրված ճամբար է կազմակերպում երիտասարդ կանանց համար
Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) կանանց և երիտասարդներին հրավիրում է մասնակցելու կլիմայի փոփոխության թեմատիկ ճամբարին, որը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Վրաստանի կլիմայական գործողությունների ծրագրի շրջանակներում։
Մասնակիցները կիրազեկվեն իրավապաշտպան մոտեցման, կլիմայի փոփոխության և դրա պատճառների, կլիմայի փոփոխության մեղմացման և արդյունավետ հարմարման, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և էներգաարդյունավետության մասին:
Վերջում մասնակիցները կմշակեն չորս համատեղ նախաձեռնություն՝ խթանելու երիտասարդների և կանանց ակտիվությունը կլիմայի փոփոխության ոլորտում:
Ճամբարին կարող են մասնակցել 15-35 տարեկան կանայք և երիտասարդներ, ովքեր բնակվում են Գուրջաան, Սագարեջո, Ախմետա (Կախեթի շրջան), Զեստափոն, Տղիբուլ, Ճիաթուրա (Իմերեթի շրջան), Լանչխութ և Օզուրգեթ (Գուրիայի շրջան) համայնքներում։
Ճամբարը նախատեսված է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 8-ն է:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։