Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, ինչպես նաև լքում է Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին հինգշաբթի՝ հուլիսի 7-ին, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Նա այս որոշումը կայացրել է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի մի շարք անդամների հրաժարականներից հետո։
«Պատճառը, որ ես այդքան պայքարել եմ այս մի քանի օրերին, որպեսզի շարունակեմ իմ պարտականությունները, ոչ միայն իմ ցանկությունն է, այլ նաև այն պատճառով, որ ես զգում էի իմ պարտքը, իմ պատասխանատվությունը ժողովրդի առաջ», – ասել է Ջոնսոնը ՝ հավելելով, որ տխուր է թողնել «աշխարհի լավագույն աշխատանքը»:
«Այժմ պարզ է, որ Պահպանողական կուսակցությունը ցանկանում է նոր ղեկավար նշանակել, հետևաբար՝ նոր վարչապետ։ Ես համաձայնեցի, որ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պետք է սկսվի հենց հիմա»,- ասել է Ջոնսոնը։
Նա խոստովանել է, որ անցած օրերին փորձել է գործընկերներին համոզել չփոխել իշխանությունը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ այդ վեճերում իրեն չի հաջողվել արդյունքի հասնել։
Պահպանողականների նոր առաջնորդը կարող է ընտրվել հոկտեմբերին կայանալիք համագումարում, սակայն կուսակցության որոշ անդամներ արդեն կոչ են անում նշանակել ժամանակավոր վարչապետ, որը կփոխարինի Ջոնսոնին նրա հրաժարականից անմիջապես հետո։
Հեռացող վարչապետը վստահեցրել է, որ կաջակցի իր իրավահաջորդին, և ասել, որ կկատարի իր պարտավորությունները մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։