Մահափորձի ենթարկված Ճապոնիայի նախկին վարչապետ, 67-ամյա Սինձո Աբեի վիճակը ծանր է, իսկ հրաձիգն արդեն տվել է իր առաջին ցուցմունքը։
Սինձո Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել ճապոնական Նարա քաղաքում։ Նախկին քաղաքական գործչի վրա թիկունքից երկու կրակոց է արձակել 41-ամյա Տեցույա Յամագամին (նա ծառայել է երկրի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում մինչև 2005 թվականը)։ Սինձո Աբեն հրազենային վնասվածք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, հայտնում է РИА Новости-ն։
«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի կառավարության ներկայիս ղեկավար Ֆումիո Կիսիդան՝ դժվարությամբ զսպելով արցունքները։
Վնասվածքից անմիջապես հետո նախկին վարչապետը գիտակցության մեջ է եղել, սակայն տեղափոխման ընթացքում նրա վիճակը ծանրացել է՝ «սրտի և թոքերի կանգով»։ Սինձո Աբեն այժմ գտնվում է Նարա պրեֆեկտուրալ համալսարանական հիվանդանոցում:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ զինված անձը երեք տարի ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում՝ մինչև 2005 թվականը։ Զբաղմունքը ներկայումս անհայտ է:
Միաժամանակ Սինձո Աբեի վրա կրակած նախկին ծովային հետեւակայինն իր առաջին ցուցմունքն է տվել։ Նա հայտարարել է, որ դժգոհ է նախկին վարչապետից և ցանկացել է սպանել նրան։