«Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները կթարմացնենք օգոստոսի սկզբին՝ Դրամավարկային քաղաքականության կոմիտեում», -ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։ Փոխանցում է Առաջին ալիքը։
«Կարող եմ ասել, որ ելնելով մինչ այժմ ունեցած արդյունքներից և հաշվի առնելով միտումները, տնտեսական աճի կանխատեսումը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի աճի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այստեղ էլ շատ փոփոխություններ կան, նախորդ շաբաթ նավթի գները նվազել են, քանի որ բոլորն ակնկալում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստը կշարունակի խստացնել դրամավարկային քաղաքականությունը, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային ռեցեսիայի, ինչը կազդի նավթի գների վրա: Նավթի գների նվազումը Վրաստանում կարտացոլվի որոշակի ժամանակահատվածից հետո, ոչ թե անմիջապես։ Մենք կվերլուծենք նաև այս գործոնները։ Այս պահին կարող եմ ասել, որ գնաճի վերաբերյալ մեր կանխատեսումը նույնն է։ Կարճ ժամանակահատվածում շատ փոփոխություններ են տեղի ունենում, դժվար է ասել, թե ինչպես կլինի նորացումը»,- ասել է Կոբա Գվենետաձեն։