Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մեղադրել է «Վրացական երազանքը» ղեկավարող Բիձինա Իվանիշվիլիին պատգամավորների վրա ճնշում գործադրելու մեջ: «ՄԱՇ»-ի մամուլի քարտուղար Չիորա Տակտակիշվիլին հայտնել է, որ «Վրացական երազանքը» ճնշում է գործադրում պատգամավորների վրա` խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը ստանալու համար:
««Վրացական երազանքի» կողմնակիցները շարունակում են առաջ տանել ոչ ժողովրդավար եւ ոչ օրինական ճանապարհով իրականացվող ապակառուցողական գիծը` ճնշումներ գործադրելով մի շարք պատգամավորների վրա, այն հույով, որ իշխող ուժը կստանա սահմանադրական մեծամասնությունը»,- ասել է նա եւ նշել է, որ նման դեպքերի կրկնման դեպքում, «ՄԱՇ»-ը կդիմի հասարակական եւ միջազգային կազմակերպություններին, փոխանցում է «GHN»-ն:
Նա նշել է, որ «Առաջին հերթին ճնշումներ գործադրվում են այն պատգամավորների վրա, ովքեր բիզնես ունեն, իսկ նրանց բարեկամների նկատմամբ քրեական հետապնդումներ եւ սպառնալիքներ են իրականացվում», փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Իր հերթին «Վրացական երազանքը» այդ մեղադրանքները մտացածին է անվանել:/ NEWS.am/