Ավստրիական OMV Petrom S.A.-ն այս տարի կսկսի նավթի և գազի հետախուզում Վրաստանի ափերի մոտ՝ Սև ծովի շելֆում, bm.ge-ին տված հարցազրույցում ասել է Գազի և նավթի ազգային գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին։
Նրա խոսքով՝ OMV Petrom S.A.-ն վստահեցրել է, որ չի հրաժարվի Վրաստանում իր նախագծից՝ չնայած Սև ծովում ստեղծված բարդ իրավիճակին և անվտանգության ռիսկերին։ Այժմ Վրաստանի կառավարությունը կապալառու ընկերություն է փնտրում։ Արդեն աշնանը նա պետք է սեյսմոլոգիական ուսումնասիրություններ սկսի OMV Petrom S.A.-ի լիցենզավորված տարածքում: Այդ աշխատանքները կարժենան մոտ 30 մլն դոլար:
«Ընտրվել է չորս ընկերություն, և մենք ակնկալում ենք, որ հաղթողը կհայտարարվի երկու շաբաթվա ընթացքում։ Հավանաբար, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինի հատուկ նավ, որը կզբաղեցնի 3000 քառակուսի կիլոմետր տարածք և կստանա նյութեր, որոնք կօգնեն հորատման վայր ընտրել»,- ասել է Տատիշվիլին։
Նախատեսվում է, որ կապալառուն աշխատանքների իր մասը կավարտի մինչև 2022 թվականի ավարտը։ Տատիշվիլիի խոսքով՝ ստացված տեղեկատվության մշակման և ռիսկերի բացահայտման համար կպահանջվի ևս մեկուկես տարի։ Հաջորդ փուլը հորատման հարթակի մոբիլիզացման շուրջ բանակցություններն են, ինչը նույնպես բարդ խնդիր է, նշում է Գազի և նավթի ազգային գործակալության ղեկավարը։
«Եթե լավատեսորեն նայեք, ապա հորատման մասին որոշումը հավանաբար կընդունվի 2024 թվականի վերջին, իսկ ֆիզիկական հորատումը կսկսվի հավանաբար 2025 թվականին»,- հավելել է Տատիշվիլին։
OMV Petrom S.A.-ն հաղթել է 2020 թվականի ամռանը Վրաստանի ափերի մոտ Սեւ ծովի շելֆում նավթի արդյունահանման մրցույթում։ 2021 թվականի գարնանը ընկերությունը համապատասխան պայմանագիր է կնքել էկոնոմիկայի նախարարության հետ։
OMV Petrom S.A.-ն ավստրիական OMV հոլդինգի մի մասն է (Österreichische Mineralölverwaltung Aktiengesellschaft), որը հիմնադրվել է 1956 թվականին։ Այն Ավստրիայում նավթագազային երկրորդ ընկերությունն է, իսկ Եվրոպայում՝ տասներորդը։
OMV Petrom S.A.-ն արդեն ունի նավթի հետախուզման հաջող փորձ: Նա Ռումինիայի ափերի մոտ նավթի հանք է հայտնաբերել, որի պաշարները գնահատվում են 1,5 միլիարդ դոլար: