Գյուղացի կանանց հիմնական գործը վաղ արթնանալն է, կովերին կթելը, գոմը մաքրելը, տնային գործերը և այսպես մինչև երեկո։ Ինչպես ասում է Զինա Սիմոնյան-Բեզոյանը, ամեն օր նույն աշխատանքն է. Եթե պետք է ինչ-որ տեղ գնալ, ուրեմն ժամանակը քիչ է, մենք պետք է ժամանակին հասցնենք վերադառնալ մինչև երեկո, որպեսզի զբաղվենք գյուղատնտեսությամբ։ «Չկա ոչ մի լավ բան, տանջանքներից բացի: Միևնույն ժամանակ կարողանում ենք ստեղծելու այն ամենը, ինչ գյուղացին պետք է ունենա տանը։ Կաթը հանձնում ենք , բայց ամառը ինքներս ենք մշակում՝ տան համար պանիր ու կարագ պատրաստում»։
Զինան նշում է, որ նախորդ տարիների համեմատ այժմ կյանքը շատ ավելի հեշտ է։ Օրինակ՝ առաջ ձմռանը ճանապարհ չկար, երեխաները դպրոց էին գնում ոտքով, գյուղատնտեսական աշխատանքները հիմնականում ձեռքով էին իրականացվում, իսկ հիմա ձմռանը ճանապարհները մաքրվում են, մեքենան երեխային տանից անմիջապես տանում է դպրոց, գյուղատնտեսական աշխատանքները արվում է տեխնիկայով։ Զինան միշտ օգնում է ամուսնուն գյուղատնտեսական աշխատանքներում։ «Առանց կանանց դժվար է տղամարդկանց համար, բայց առանց տղամարդկանց դժվար է մեզ համար։ Տղամարդը ընտանիքի գլուխն է»։
Սիմոնյանների ընտանիքում վերջին խոսքը ամուսնունն է. «Ինչպես ասում է՝ այդպես էլ լինիում է, անկախ նրանից՝ ճիշտ է, թե ոչ։ Երբ ինչ-որ գործ ենք անելու, ամուսինս է որոշում՝ ինչ և ինչպես ենք անելու։ Այդպես է մեր ընտանիքում։ Ես չեմ դժգոհում, մենք ապրում ենք խաղաղ ու լավ»։
Զինան որդու և ամուսնու հետ ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղում։ Դուստրերն ամուսնացած են։ Ընտանիքի հիմնական եկամուտը անասնապահությունն է։ Ամռանը գոմաղբը չորացնում են։ «Գյուղում բնական գազ չկա, սարից թրիք ենք բերում, ամբողջ ամառ չորացնում, որ ձմռանը վառարանը վառենք։ Մեկ տարա դիզվառելիքն արժե 100 լարի, խոտհունձի ժամանակ դիզվառելիք գնելու համար պետք է վաճառել 100 լիտր կաթ։ Մարդ որտեղ էլ լինի, պետք է աշխատի, որ ապրի»։