Մարմնավաճառությանը խմբակային նպաստելու փաստով 9 մարդ է ձերբակալվել

Մարմնավաճառությանը խմբակային նպաստելու փաստով 9 մարդ է ձերբակալվել

ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցանքի դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբի ինը անդամի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք ձերբակալվել են մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով։

«Հանցագործությունները պատժվում են չորսից յոթ տարի ազատազրկմամբ։

Հետաքննությամբ պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանայք սիստեմատիկ կերպով հավաքվել են Թբիլիսիում տեղակայված «Սաբուդարա» և «Արգո» հյուրանոցներում, ինչպես նաև նույն հիմնարկների բարերում՝ Գ.Ս.-ի և ադմինիստրացիայի աշխատակիցների հանձնարարությամբ՝ որոշակի գումարի դիմաց հյուրանոց եկած անձանց մատուցել են սեքսուալ ծառայություններ։

Հետաքննությունը նաև պարզել է, որ «Արգո» և «Սաբուդարա» հյուրանոցների ադմինիստրատորները կազմակերպել են սեռական ծառայություններ փնտրող տղամարդկանց և մարմնավաճառությամբ զբաղվող կանանց կապը։ Այդ նպատակով նրանք ժամ առ ժամ վարձակալում էին հյուրանոցային համարներ, իսկ անվտանգության աշխատակիցները պաշտպանում էին մարմնավաճառությամբ զբաղվող կանանց անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում մեքենայով ապահովում էին նշված կանանց և նրանց հաճախորդների տեղափոխումը։ Հանցավոր խմբի անդամները զգալի եկամուտներ են ստացել մարմնավաճառության խթանման և մարմնավաճառության համար տեղեր տրամադրելու միջոցով։

Իրավապահները խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են խոշոր չափի գումար։

Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը վերաբերում է կազմակերպված խմբի կողմից մարմնավաճառության խթանմանը և տեղ տրամադրելուն մարմնավաճառության համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։