Վրաստան մուտք գործած ուկրաինացի հարկադիր վերաբնակները յուրաքանչյուր ընտանիքի համար կստանան 300 լարի, դա նախատեսված է կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ։
Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ ուկրաինացի հարկադիր վերաբնակների օգնության ձևաչափը փոխվում է, եթե մինչ այժմ Թբիլիսիի քաղաքապետարանը հյուրանոցային կացարան էր տրամադրում Ուկրաինայից գաղթած ընտանիքներին, ապա օգոստոսից օգնությունը պետք է տրվի կանխիկ։
«Թբիլիսիի քաղաքապետարանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին գործարկել է հատուկ ծրագիր. Վրաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր մեզ դիմում են բնակարան ստանալու խնդրանքով, քաղաքապետարանը տեղավորում է տարբեր հյուրանոցներում՝ երեքանգամյա սնունդով։
Ծրագրի շրջանակներում Թբիլիսին արդեն հյուրընկալել է ավելի քան 5100 մարդու, որից ավելի քան 2300-ը իջեւանել է մայրաքաղաքի 40 հյուրանոցներում։ Այդ նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն. լարիի, իսկ ամսվա վերջին գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի։
Նշված ծրագիրը Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է այս տարվա մարտին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 1-ը։
Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 1254 որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիները այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր ընտանիքի համար 300 լարի և մարդը 45 լարի։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունները (Վորլդ Վիժն և ՄԱԿ ՓԳՀ) դիտարկում են մեկ անձի համար 235 լարիի օգնության փաթեթը:
Ելնելով վերոգրյալից՝ 2022 թվականի հուլիսի 31-ին Թբիլիսիի քաղաքապետարանը կդադարեցնի գործող ծրագիրը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։ inforustavi.ge