ENPARD. Լատվիան և Էստոնիան կօգնեն Վրաստանին գյուղատնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում
Լատվիան և Էստոնիան կօգնեն Վրաստանին իրականացնել գյուղատնտեսական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին ապագա անդամակցության համար: ԵՄ երկու երկրներն էլ անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերեն ԵՄ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից 2013 թվականից համատեղ իրականացվող ENPARD ծրագրի միջոցով։
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցել այս ոլորտում վերջերս Էստոնիա և Լատվիա կատարած այցի ժամանակ։
ՄԱԶԾ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Բալթյան երկրները, շնորհիվ գյուղատնտեսության և գյուղական զարգացման հարուստ փորձի, կարող են տրամադրել անհրաժեշտ փորձագիտական ռեսուրսներ՝ Վրաստանի ինստիտուցիոնալ, իրավական և վարչական համակարգերը ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը համապատասխանեցնելու համար: Վերջինիս հիմնական ոլորտներն ուղղված են մրցունակ գյուղատնտեսության և անտառային տնտեսության խթանմանը, բնական ռեսուրսների կայուն կառավարմանը, կլիմայի պաշտպանության գործողություններին, գյուղական զբաղվածությանը և գյուղացիական տնտեսությունների ու համայնքների համաչափ տարածքային զարգացմանը:
«Վրաստանում, որտեղ բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է մեծ քաղաքներից դուրս, գյուղական կայուն զարգացումը վճռորոշ դեր ունի աղքատության վերացման, անհավասարության նվազեցման և բնապահպանական սպառնալիքներին արձագանքելու հարցերում: Մեր նպատակն է ապահովել, որ գյուղական համայնքները անհրաժեշտ ուշադրության արժանանան որոշում կայացնողների, մասնավոր հատվածի և կրթական ու ակադեմիական հաստատությունների կողմից՝ կառուցելու իրենց և իրենց երկրի համար աշխատող կենսունակ գյուղացիական տնտեսություններ»,- նշել է ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նիք Բերեսֆորդը:
Շառլ Միշելը՝ Եվրախորհրդարանում. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան ԵՄ կազմում է
Հուլիսի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական խորհրդարանի առջև հանդես եկավ Եվրոպական խորհրդի հունիսյան գործունեության արդյունքների մասին զեկույցով, այդ թվում անդրադառնալով Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակի շնորհմանը:
Նա նաև վերահաստատել է Վրաստանի և Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական հեռանկարը և ընդգծել ԵՄ ընդլայնման գործընթացի վերագործարկման անհրաժեշտությունը։
Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի», և հավելել. «Մենք կշարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել. մենք արդեն շատ բան ենք արել, բայց Ուկրաինային շատ ավելին է հարկավոր, ուստի մենք կոչ ենք արել մեծացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը»:
Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա նա ասել է, որ Խորհուրդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի 2022 թվականին Ուկրաինային մինչև 9 միլիարդ եվրոյի նոր մակրոֆինանսական օգնության առաջարկը:
Շառլ Միշելը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել պատժամիջոցների ուղղությամբ՝ համոզվելով դրանց բոլորի արդյունավետ կիրառման հարցում և հնարավորինս կանխելով դրանց շրջանցումը։
«Մեծ յոթնյակի մեր գործընկերների հետ սերտ համակարգմամբ մենք կքննարկենք ոսկու նկատմամբ պատժամիջոցները: Մենք նաև կուսումնասիրենք այնպիսի միջոցների կիրառման հնարավորությունը, ինչպիսիք են գների սահմանափակումները, էներգամատակարարման ապահովումը և գնաճի նվազեցման փորձը»,- նշել է Միշելը:
Եվրոպական միությունը և նրա գործընկերները ողջունել են Վրաստանում «Փրայդ շաբաթ 2022» միջոցառման հաջող ավարտը, որը տեղի ունեցավ հուլիսի 2-ին Թբիլիսիում։
Այս կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Վրաստանում Չեխիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների դեսպանատները:
Ստորագրող կողմերը շնորհավորել են կազմակերպիչներին, «Tbilisi Pride»-ին և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններին և իրենց համերաշխությունը հայտնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքսուալ (ԼԳԲՏՔԻ+) համայնքին, ինչպես նաև աջակցությունը` որպես Վրաստանի քաղաքացիներ առանց վախենալու իրենց սահմանադրական իրավունքների իրականացմանը հասնելու հարցում։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է հետևյալը. «Մենք ընդունում ենք, որ Փրայդ շաբաթվա անցկացումը դեռևս կապված է անվտանգային ռիսկերի և այլ սթրեսային իրավիճակների հետ, ինչպիսիք շատերը ստիպված են վերապրել ամեն օր: Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ այս տարվա միջոցառումների հաջող անցկացումը քայլ առաջ է ԼԳԲՏՔԻ+ մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, ներառյալ հավաքների ազատության իրավունքը»:
Այս համատեքստում ԵՄ-ն և նրա գործընկերները Վրաստանի իշխանություններին նաև հիշեցրել են 2021 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ներառյալ բռնության սադրիչների և կազմակերպիչների ամբողջական հետաքննությունն ու հետապնդումը։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրոպայում օտարերկրյա ուսանողների կեցության կազմակերպման գործնական ուղեցույց:
Այն օգնում է ուսանողական կացարան գտնել Եվրոպայում, ուղեկցում է գործընթացին և մատնանշում է կարևոր ամենը, ինչին պետք է ուշադրություն դարձնել:
Օրինակ, այն տալիս է հարցերի պատասխաններ, թե երբ սկսել Եվրոպայում ուսանողական կացարանի փնտրտուքը և որտեղ գտնել ուսանողական կացարան առցանց:
Ուղեցույցը նաև ներկայացնում է խորհուրդներ Եվրոպայում ուսանողների կեցության կազմակերպման վերաբերյալ:
Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը երեքշաբթի օրը Պրահայում կայացած ԵՄ արդարադատության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ ԵՄ-ն սառեցրել է իր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և կազմակերպությունների 13.8 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները։
«Դա բավականին շատ է: Բայց դրա զգալի մասը՝ ավելի քան 12 միլիարդ եվրոն, ստացվում է հինգ անդամ երկրներից, ուստի մենք պետք է շարունակենք համոզել մյուսներին անել նույնը», – ասել է հանձնակատարը:
Նա հավելել է, որ ամառվանից հետո ինքն ակնկալում է վերջնական քաղաքական համաձայնություն նոր իրավական գործիքի շուրջ, որով պատժամիջոցների խախտումը կամ շրջանցելու փորձը քրեական հանցագործություն կդառնա ամենուր ԵՄ տարածքում։
Ակտիվները սառեցվել են մարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից ստեղծված «Սառեցնել և բռնագրավել» աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում:
Բորել. «Մոսկվան պետք է ընտրություն կատարի հարմարավետ ապրելու և պատերազմելու միջև»
Ֆրանսիական «Le Journal du Dimanche» թերթում հրապարակված հոդվածում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկսվելուց հետո, արդեն իսկ ծանր հարված են հասցնում Վլադիմիր Պուտինին և նրա հանցակիցներին, իսկ դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ժամանակի ընթացքում միայն կուժեղանա։
Բորելը բացատրում է, թե ինչու և ինչպես են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն ավելի արդյունավետ, քան կարծում են շատերը: Թեև Ռուսաստանը շատ հումք է արտահանում, սակայն ստիպված է ներմուծել բարձր ավելացված արժեքով բազմաթիվ ապրանքներ, որոնք ինքը չի արտադրում։ Բոլոր առաջադեմ տեխնոլոգիաների դեպքում այն 45%-ով կախված է Եվրոպայից, 21%-ով՝ ԱՄՆ-ից և միայն 11%-ով՝ Չինաստանից:
Բորելը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի համատեքստում խիստ կարևոր համարվող ռազմական ոլորտում պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի՝ ճշգրիտ հրթիռներ արտադրելու հնարավորությունները, ինչպիսիք են «Իսկանդերը» կամ «KH 101»-ը: Նա նաև նշում է, որ արտասահմանյան գրեթե բոլոր ավտոարտադրողները որոշել են լքել Ռուսաստանը, իսկ ռուսաստանյան արտադրողների արտադրած սակավաթիվ մեքենաները կվաճառվեն առանց անվտանգության բարձիկների կամ ավտոմատ փոխանցման տուփի։
«Նավթային արդյունաբերությունը տուժում է ոչ միայն օտարերկրյա օպերատորների հեռանալուց, այլև առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության դժվարությունից, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ շարունակելով. «Ռուսական արդյունաբերության՝ նոր հորեր շահագործելու կարողությունը, հավանաբար, սահմանափակ է: Վերջապես, օդային երթևեկությունը պահպանելու համար Ռուսաստանը պետք է շրջանառությունից դուրս բերի իր օդանավերի մեծ մասը, որպեսզի ապահովի մյուսներին թռիչքներ թույլ տալու համար անհրաժեշտ պահեստամասերով: Դրան գումարվում է նաև ֆինանսական շուկաների հասանելիության կորուստը, գլոբալ հետազոտական խոշոր ցանցերից անջատված լինելը և ուղեղների զանգվածային արտահոսքը»:
Բորելը նաև նշում է, որ Չինաստանը, հակառակ սպասումների, սահմանափակ այլընտրանք է առաջարկում Ռուսաստանի տնտեսությանը՝ հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրանքի պարագայում, քանի որ մինչ օրս Չինաստանի կառավարությունը չի օգնել Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում։
«Արդյոք այս էական և աճող ազդեցությունները կհանգեցնե՞ն նրան, որ Վլադիմիր Պուտինը փոխի իր ռազմավարական հաշվարկները: Հավանաբար ոչ մոտ ապագայում. նրա գործողությունները չեն առաջնորդվում առաջին հերթին տնտեսական տրամաբանությամբ։ Այնուամենայնիվ, ստիպելով նրան ընտրել հարմարավետ կյանքի և զենքի միջև՝ պատժամիջոցները նրան առնում են աստիճանաբար ձգվող աքցանի մեջ»,- եզրափակում է Ժոզեպ Բորելը:
ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկեց «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը»
Հուլիսի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկեց «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը», որն ուղղված է միմյանց հետ կապելու տեղացի արվեստագետներին և պոտենցիալ ներդրողներին։
ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կիրականացվի «Հայաստանում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման կատալիզացումը» ծրագրի շրջանակներում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստան» մշակութային հիմնադրամի կողմից։
Այս առիթով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ՀԲԸՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև։
«Ստեղծարարությունը պահանջում է իրավական դաշտ, վստահելի գործընկերներ, ամուր ցանցեր, նորարար դերակատարներ, հատուկ և այլընտրանքային ֆինանսավորում ու մշտական, համագործակցային և մասնակցային աշխուժություն: Ապահովել միջավայր և լավագույն պայմաններ բարեկեցության և կենսաապահովման աղբյուր համարվող ստեղծարարության համար՝ ահա՛, թե ինչի մասին է այս նախագիծը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը։
ԵԿՀ ուսուցման նորագույն մեթոդների մրցանակ 2022. հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է
Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) հրավիրում է Արևելյանյան գործընկեր երկրների ուսուցանողներին դիմելու ուսուցման նորագույն մեթոդների համար իր 2022 թվականի մրցանակին (ETF new Learning Award 2022):
Կարող եք դիմել մրցույթին, եթե ունեք նորարարական պրակտիկաների գաղափարներ, որոնք կարող են նպաստել մանկավարժական նոր մոտեցումներին, դասավանդման և ուսուցման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործմանը, ուսանողների սոցիալական ընդգրկվածության բարձրացմանը, ուսումնական ծրագրում նորարարություններին կամ հիմնական կոմպետենցիաներին և նոր հմտություններին:
Այդ պրակտիկաները կարող են օգտագործվել ուսումնական տարբեր համատեքստերում՝ նախնական մասնագիտական կրթություն և վերապատրաստում, մեծահասակների կրթություն, շարունակական մասնագիտական զարգացում, բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ ուսուցում, ներկազմակերպական ուսուցում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ուսուցման նորագույն մեթոդներին նվիրված ԵԿՀ միջոցառման շրջանակում, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերին Իտալիայի Թուրին քաղաքում:
Փաստերի ստուգումը «ֆեյք նյուզի» դարաշրջանում
Ցանկացած «ֆեյք նյուզի» (կեղծ լուր) բացահայտման համար անհրաժեշտ է իմանալ դրա հիմնական սկզբունքները, մեթոդները և գործիքները, բայց նաև լինել ողջամիտ և խիստ զգուշավոր: Ահա այն տեխնիկաները, որոնք իր ամենօրյա գործունեության մեջ օգտագործում է AFP Factuel-ի թիմը («Ֆրանս–պրես» գործակալության փաստերի ստուգման թիմ)։
ԵՄ աջակցությամբ գործող OPEN Media Hub ծրագիրը մշակել է ինքնուրույն ուսուցման առցանց դասընթաց, որն ուղղված է ապատեղեկատվության և կեղծ լուրերի բացահայտմանը, տեղեկատվության աղբյուրը հասկանալուն և կեղծ առցանց գրառումների նույնականացմանը:
Դասընթացի տևողությունը մոտավորապես 8 ժամ է։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։