Եվրամիությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի հետ գազի ներկրման հարցով։ Համաձայնագիրը նախատեսում է մինչև 2027 թվականը ԵՄ տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ նրանք արդեն Ադրբեջանից ստանում են գազի ավելացված ծավալ, որը 2021 թվականին կազմել է 8,1 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2022 թվականին սպասվում է, որ այդ ծավալը կհասնի 12 միլիարդ խորանարդ մետրի։ Հարավային գազային միջանցքի մի մասն է կազմում հարավկովկասյան մայրուղային գազատարը, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանը կապում է Թուրքիայի, այնուհետև Եվրոպայի հետ։ Գազատարի 51%-ը պատկանում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը, իսկ 49%-ը՝ SOCAR-ին։
Էներգետիկ փորձագետ Արչիլ Մամաթելաշվիլին «Course of Business»-ին տված հարցազրույցում նշում է, որ Եվրոպայի համար գազի ծավալների ավելացումը Վրաստանի համար ավելի էժան գազ է նշանակում։ «Այս համաձայնագրի իրականացումից հետո Վրաստանը կստանա լրացուցիչ ծավալի գազ արտոնյալ գնով: Նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի համար կարևոր կլինի Վրաստանին տեսնել որպես իրենց գործընկեր: Սա նաև մեծ պլյուս է մեր ապագա եվրաինտեգրման համար: Իմ տեղեկություններով, Եվրոպան ցանկանում է որոշակի ազդեցություն ունենալ Կասպից ծովի վրա, նույնիսկ այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Ղազախստանը, Թուրքմենստանը, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրներում ժողովրդավարությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։
Եվրամիությունը հասկանում է, որ եթե Ռուսաստանը վերցնի այդ երկրների էներգետիկ ռեսուրսները, նա ավելի ուժեղ է դառնում ֆինանսապես և տնտեսապես։ Այս իրավիճակում Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը կարևոր է դառնում Եվրոպայի համար»,- BMG-ի եթերում ասում է Մամաթելաշվիլին։