Վրաստանի ԿԸՀ-ը հրապարակել է հոկտեմբերի 8-ին անցկացված համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Դրանց համաձայն՝ խորհրդարան է մուտք գործում միայն երեք քաղաքական կուսակցություն։ Հայտնաբերված խախտումների պատճառով հոկտեմբերի 22-ին երեք ընտրատեղամասում համամասնական ընտրակարգով անցկացվել են կրկնակի ընտրություններ։
Վերջնական արդյունքներով «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը հավաքել է քվեների 48.68 տոկոսը և խորհրդարանում ստացել է 44 մանդատ։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն իր հերթին հավաքել է քվեների 27.11 տոկոսը՝ 27 մանդատ, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինքը» ստացել է 5.01 տոկոսը՝ 6 մանդատ։
Վրաստանի 150 հոգանոց խորհրդարանում 77 պատգամավոր ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտակարգով (միամանդատ օկրուգներում)։ Հոկտեմբերի 30-ին միամանդատ օկրուգների մեծ մասում (73-ից 50-ում) նշանակված է երկրորդ փուլի անցկացում, քանի որ թեկնածուներից ոչ մեկն էլ չի կարողացել հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը։