Հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների ուսուցիչներն այս տարի Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելիի նախաձեռնությամբ առաջին անգամ կկարողանան քննություն հանձնել մայրենի լեզվով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախկինում հայերեն և ադրբեջաներեն լեզուների ուսուցիչները հնարավորություն չունեին քննություն հանձնելու, ինչը նրանց անհավասար վիճակում էր դնում վրացալեզու դպրոցների ուսուցիչների հետ։
Նախարարության որոշմամբ այս հարցը լիովին լուծվել է և այժմ նրանք կկարողանան փոխել ուսուցչի կարգավիճակը, ինչը կազդի աշխատավարձի վրա։
Կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին և Քննությունների և գնահատականների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն թիվ 39 պետական դպրոցում ծանոթացել են հայալեզու ուսուցիչների քննության ընթացքին և հաջողություն մաղթել նրանց։
Մախարաշվիլին շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին այս գործընթացում ակտիվ ներգրավվածության համար և նրանց խոստացել, որ նախարարությունը կշարունակի ուսուցիչներին աջակցելու ծրագրերի իրականացումը։
Քննական կենտրոններում հայոց լեզվի քննություն է հանձնում շուրջ 47 ուսուցիչ։ Քննությունը հանձնելը համարվում է հաջող, եթե դիմորդին հաջողվում է առավելագույն 70 միավորից հավաքել 43 միավոր։
Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հայերեն և ադրբեջաներեն թեստեր է պատրաստել, իսկ ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը պատրաստել է նրանց քննությունների նախապատրաստական վերապատրաստման մոդուլներ, որոնց օգնությամբ ուսուցիչները հնարավորություն են ստացել ծանոթանալ առարկայի քննության կառուցվածքին:
2022 թվականի հունվարի 1-ից քննությունների նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչների հետ կնքվել են ժամանակավոր պայմանագրեր, և սկսվել է նրանց աստիճանական փոխարինումը։ Այսինքն՝ կազատվեն, քանի որ նոր կադրեր են հայտնվում (քննությունները հաջողությամբ հանձնածները)։
Վրաստանի դպրոցներում աշխատում է ավելի քան 62000 ուսուցիչ, որոնցից 7000-ը պրակտիկ ուսուցիչներ են։