Վրաստանի նախագահը կարծում է, որ հայտարարելով ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին և միևնույն ժամանակ դրա համար ջանքեր չգործադրելով՝ իշխանությունները «երկակի խաղ» են խաղում։
Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանում է եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ «նույն հանձնաժողովը, որն աշխատում է Վրաստանի հարցով»։
«Այս պահին ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում, մամուլի խոսնակները Բրյուսելում և Վաշինգտոնում միաժամանակ մեզ ասում են, որ սովորենք ինչպես վարվել», – նախագահը հիշեցրել է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների արձագանքը ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և ԵՄ դեսպանի քննադատությանը:
Զուրաբիշվիլին թվարկել է, թե ինչն է, իր կարծիքով, պատճառը, որ Վրաստանը չի ստացել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ.
«Ես չգիտեմ, թե որքան պետք է շարունակվի այս տեսակի երկակի խաղը, որ մենք մի տեսակ ուզում ենք գնալ Եվրամիություն, մենք ուզում ենք ստանալ այն, ինչ կոչվում է թեկնածուի կարգավիճակ, որը ստացան Ուկրաինան և Մոլդովան։ Միևնույն ժամանակ, մենք ոչ միայն չենք անում այն, ինչ պետք է անել, 12 կետերից բաղկացած Եվրահանձնաժողովի հանձնարարականները։ Դեռևս նկատելի չէ, որ բոլոր ուժերը պատրաստ են դրան։
Միաժամանակ մենք հակառակ քայլերի ենք դիմում։ Սկսած նրանից, որ դեն նետեցին Շառլ Միշելի փաստաթուղթը (Եվրախորհրդի նախագահի ծրագիրը՝ ուղղված Վրաստանի ապաբևեռացմանը), չեղյալ համարեցին տարվա ընթացքում ձեռնարկված բոլոր քայլերը, բավականին կոպիտ կերպով հրաժարվեցին ԵՄ վարկից։
Նրա խոսքով՝ «բոլորը շատ լավ տեսնում են, որ հակաարևմտյան հռետորաբանությունը շարունակվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի նկատմամբ լռություն է տիրում»։
Նախագահը հիշեցրել է նաև իշխանությունների այլ քայլեր, որոնք արվել են արագացված կարգով և սուր քննադատության տեղիք են տվել Արևմուտքում՝ դատավորների նշանակում, պետական տեսուչի պաշտոնի վերացում։
«Այս վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկված ցանկացած քայլ բացասական է գնահատվում ԵՄ-ի կողմից։ Եվ միևնույն ժամանակ անհավանական հռետորաբանություն է ընթանում, այսինքն՝ մենք անվերջ հարձակումներ ենք լսում եվրոպացի խորհրդարանականների վրա»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։