Հուլիսի 25 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մանկական եւ երիտասարդական կենտրոնում հետքովիդյան սահմանափակումներից հետո վերաբացվեց «Կարդինալ Աղաջանյանի» անվան ճամբարը:
Կենտրոնի տնօրեն Նանա Անտոնյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ կենտրոնը ավանդույթի համաձայն կազմակերպում է ամառային ճամբար, այս ամենը կատարվում է Հեշտիայի հոգեւոր հովիվ տեր Անտոն քահանա Անտոնյանի հովանու ներքո եւ Վրաստանի Կարիտաս բարեգործական կազմակերպության կողմից:
Տարիներ առաջ գյուղում գործել է ճամբար, որը եղել է «Կարդինալ Աղաջանյանի» անվամբ, եւ այսօր վերականգնվեց այդ անվանումը: Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը ծնունդով Ախալցիխեից է, նա երկրորդ հայն է հայ կաթողիկե եկեղեցու մեջ, ով ստացել է կարդինալի կոչում:
Նանա Անտոնյանը նշեց, որ ճամբարի անվանումը պատահական չէ ընտրված, ճամբարը կարդինալի անունն է կրում, որպեսզի երեխաները ճանաչեն մեր մեծերին: «Կարդինալ Աղաջանյան» ճամբար հաճախում են թվով 150 երեխաներ: Այս ամենի կազմակերպման եւ իրականացման հարցում օգնում են նաեւ կենտրոնի կամավոր երիտասարդները:
Անտոնյանի խոսքով՝ ունեն նախատեսված շատ ակտիվ ծրագիր, որտեղ երեխաների հետ միասին կանցկացնեն տարբեր դասընթացներ` առաջին բուժօգնություն, հոգեւոր կրթություն, քաղաքավարություն, սպորտ, երգ, պար եւ այլն:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.