Բրյուսելում անցկացվել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը, որի ժամանակ վրացական կողմը Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներին իրազեկել է երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։
Նիստն անցկացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովին զուգահեռ։ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները ընդգծել են Հարավային Կովկասում գոյություն ունեցող մարտահրավերների ֆոնին ռազմավարական հաղորդակցությունների կարևորությունը և դրական են գնահատել այդ ուղղությամբ Թբիլիսիի ջանքերը։
Նրանք պատրաստակամություն են հայտնել հետագայում նույնպես համագործակցելու Վրաստանի հետ։ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի օգոստոսի 19-ին։ Այն հանդիսանում է Թբիլիսիի ու դաշինքի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման հարթակ, որի նպատակն է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին օգնել Վրաստանին։