ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Պետդեպարտամենտի՝ հեռախոսազրույցների ընթացքում Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկկողմ երկխոսությունը և ողջունել երկու երկրների արտգործնախարարների՝ Թբիլիսիում վերջերս կայացած հանդիպումը։
Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրությունում, Էնթոնի Բլինկենը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի խթանմանը։
Նա նաև վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը ԵՄ միջնորդությամբ բանակցություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ը 1994թ.-ից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու կայուն համապարփակ խաղաղության։
Էնթոնի Բլինկենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել Հայաստանի բոլոր ձերբակալված քաղաքացիներին։ Նա նաև բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում դրական դինամիկայի և կոնկրետ պայմանավորվածությունների համար։