2022 թվականի օգոստոսի 1-ից մայրաքաղաքի քաղաքապետարանն այլևս բնակարան չի տրամադրի ռազմական գործողությունների պատճառով Վրաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին։ Քաղաքապետարանը հայտարարում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կառավարության որոշման համաձայն դրամական օգնություն կստանան։
Քաղաքապետարանը հայտարարում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին գործարկվել է հատուկ ծրագիր՝ Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր դիմել են քաղաքապետարան՝ բնակարան ստանալու համար, տեղավորվել են տարբեր հյուրանոցներում՝ երեքանգամյա սնունդով։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում Թբիլիսին արդեն հյուրընկալել է ավելի քան 5100 մարդու, այստեղից ավելի քան 2300-ը տեղավորվել է մայրաքաղաքի 40 հյուրանոցներում։
Մայրաքաղաքի կառավարության տվյալներով՝ այդ նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն. լարի, իսկ ամսվա վերջին գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված ծրագիրը Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է այս տարվա մարտին և կշարունակվի մինչև օգոստոսի 1-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի թիվ 1254 որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիները այս տարվա հուլիսի 15-ից կստանան դրամական օգնություն՝ 300 լարի ընտանիքի համար և 45 լարի մեկ անձի համար:
Բացի սրանից, քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային կազմակերպությունները (World Vision և UNHCR) քննարկում են մեկ անձի համար 235 լարիի օգնության փաթեթը։
Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ ելնելով վերոգրյալից, 2022 թվականի հուլիսի 31-ին Թբիլիսիի քաղաքապետարանը կդադարեցնի ընթացիկ ծրագիրը։ tv9news.ge