Լրագրող Մուխթարլին առևանգվել է Իվանիշվիլիի հրամանով. Վրաստանի ՊԱԾ-ի նախկին ղեկավար

Լրագրող Մուխթարլին առևանգվել է Իվանիշվիլիի հրամանով. Վրաստանի ՊԱԾ-ի նախկին ղեկավար

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին, ով գտնվում է կալանքի տակ, սոցցանցում հայտարարություն է տարածել.

Հայտարարության մեջ Գոգաշվիլին խոսում է նախարար Վախթանգ Գոմելաուրիի մասին և նշում, որ ինքը զարմացած չէ Գոմելաուրիի գործողություններից, քանի որ նա մի քանի տարի առաջ հրամայել է առևանգել և խոշտանգել սեփական դստեր փեսացուին, որին հետո դուրս են շպրտել՝ Հայաստանի սահման։

Բացի այդ, հայտարարության մեջ Գոգաշվիլին խոսում է լրագրող Աֆղան Մուխթարլիի մասին։ Նրա խոսքով՝ Մուխթարլին առևանգվել է Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ, և այդ հրամանը կատարել են «ՊԱԾ հետաքննիչները», իսկ օպերատիվ-տեխնիկական վարչությունը «ջնջել է» ամեն ինչ։

«Բիձինա Իվանիշվիլիի հերթական անօրինական հրամանը կուրորեն կատարել են Լիլուաշվիլին և Վախոն։ Հիմա Շոթաձեի ու Չինչալաձեի հերթն էր ապացույցներ սարքել ու ինձ ապօրինի դատապարտել։ Ի դեպ, արտաքին և ներքին տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ապօրինի իրեր և փաստաթղթեր տեղափոխում, և իմ ընտանիքի անդամներն էլ են դա տեսել, բայց տեսախցիկները հիմա վնասված են, իսկ օպերատիվ-տեխնիկական վարչությունը ջնջել է արձանագրությունները, ինչպես նախկին անօրինական հանձնարարությունների ժամանակ, ինչպիսիք են.

1) Գելա Խվեդելիձեի ծեծը, քանի որ նա հեռախոսով հայհոյել էր Բիձինային, և այդ հրամանը կատարել է Փարցխալաձեի բանդան, իսկ հետո օպերատիվ և տեխնիկական վարչությունը ջնջել է փաստերը։

2) Մուխթարլիի առևանգումը, որը նույնպես ջնջվել է օպերատիվ և տեխնիկական վարչության կողմից», – ասվում է Գոգաշվիլիի հայտարարության մեջ: