Իրանը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել նավթի արտահանումը, եթե իր նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառվեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Քազեմին, ով Արաբական միացյալ էմիրություններում մասնակցում է միջազգային էներգետիկ կոնֆերանսի:
«Մենք պլան ունենք, որը թույլ է տալիս ապահովել տնտեսության նորմալ աշխատանքն առանց արտաքին շուկաներում նավթի վաճառքից ստացված եկամտի»,- ասել է նախարարը, ով չի բացահայտել այդ պլանի մանրամասները, հաղորդում է Reuters-ը:Քազեմին հայտնել է, որ ներկայումս Իրանը ավելացրել է իր նավթավերամշակման գործարանների հզորությունները մինչեւ օրական 2 մլն բարել: Միաժամանակ իրանցի նախարարը հերքել է ՕՊԵԿ-ի նոր տվյալները, որոնց համաձայն Իրանում նավթի արդյունահանման օրական մակարդակը սեպտեմբերին նվազել է մինչեւ 2,72 մլն բարել՝ օրական: Քազեմին հայտարարել է, որ նավթարսդյունահանման ներկա մակարդակն Իրանում դեռեւս կազմում է օրական 4 մլն բարել: Թեհրանի տվյալներով, որոնք տրամադրվել են ՕՊԵԿ-ին, երկիրն օգոստոսին արդյունահանել է օրական 3,75 մլն բարել, հաղորդում է RBK-ն:Միաժամանակ իրանցի նախարարը հրաժարվել է բացահայտել նավթի արտահանման ցուցանիշները, սահմանափակվելով միայն նավթարդյունահանման վերաբերյալ տվյալներ ներկայացնելով: «Իրանը ԱՄՆ-ի պատժամիջոցներին բախվում է արդեն 30 տարի: Այդուհանդերձ, երկրին հաջողվում է կառավարել իր նավթային սեկտորը»,-մեկնաբանել է Քազեմին, հավելելով, որ նավթը «կոմերցիայի խնդիր է, ոչ թե՝ քաղաքականության»:/NEWS.am/