OC Media-ն հաշվել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի քննադատական հայտարարությունները ուկրաինական պատերազմի սկսվելուց հինգ ամիս անց։
9 անգամ Կոբախիձեն քննադատական մեկնաբանություններ է արել Ռուսաստանի հասցեին, ներառյալ քողարկված քննադատությունը Ուկրաինա ներխուժման կամ Վրաստանի դեմ ագրեսիայի վերաբերյալ:
26 անգամ Կոբախիձեն քննադատել է Ուկրաինային և ուկրաինացի պաշտոնյաներին (միջինը վեց օրը մեկ անգամ):
57 անգամ Կոբախիձեն քննադատություն է արտահայտել Արևմուտքի հասցեին. սա եվրոպացի պատգամավորների դիրքորոշման դատապարտում է, դժգոհություն ԵՄ դեսպանի և ԱՄՆ դեսպանի գործունեությունից։
Տվյալները հավաքագրվել են Google որոնողական համակարգի միջոցով և ընդգրկում են 154 օր՝ փետրվարի 24-ից հուլիսի 27-ը։
«Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչները վերջերս բավականին հաճախ են քննադատում Արևմուտքին. Թբիլիսիում հիմնականում դժգոհությունն է առաջացնում եվրոպացի խորհրդարանականների դիրքորոշումը, որը կապված է քաղաքական բևեռացման և դատարանի բարեփոխման կոչերի հետ:
Թբիլիսիի դժգոհությունը հատկապես սաստկացավ այն բանից հետո, երբ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, չստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում պատժամիջոցներ կիրառել Երազանքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։