«Դա հրեշ է». Ֆրանսիայում անտառային հրդեհը տեսանելի է տիեզերքից

«Դա հրեշ է». Ֆրանսիայում անտառային հրդեհը տեսանելի է տիեզերքից

Ավելի քան 1000 հրշեջներ պայքարում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող «հրեշավոր» անտառային հրդեհի դեմ, որն արդեն սպառել է մոտ 7000 հեկտար անտառ: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բորդո քաղաքի մերձակայքում մոլեգնող հրդեհը ավերել է մի քանի շենք, իսկ 10.000 բնակիչներ ստիպված լքել են իրենց տները։

«Դա հրեշ է»,- հրդեհը նկարագրել է հրշեջ բրիգադի ներկայացուցիչ Գրեգորի Ալյոնը ֆրանսիական RTL ռադիոյին տված հարցազրույցում:

Ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը դժվարացնում են հրդեհի մարումը։

Ֆրանսիացի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ նոր հրդեհները կարող են հանգեցնել երկրի հարավ-արևմուտքում զանգվածային անտառային հրդեհի հետագա տարածմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ավստրիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը և Ռումինիան կօգնեն ֆրանսիացիներին կրակի դեմ պայքարում։ «Եվրոպական համերաշխությունը գործողության մեջ»,- գրել է Մակրոնը թվիթերում։

Այս ամառ Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներում մոլեգնող անտառային հրդեհների ալիքը բռնկվել է ռեկորդային ջերմաստիճանի և ամբողջ մայրցամաքում երաշտի պատճառով:

Պորտուգալիայում և Իսպանիայում շոգը խլել է ավելի քան հազար մարդու կյանք։

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել ծայրահեղ շոգի նախազգուշացում, որի կանխատեսումների համաձայն՝ առաջիկա չորս օրվա ընթացքում երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի 37°C-ի: Իշխանությունները զգուշացնում են, որ շոգը կարող է ազդել քաղաքացիների առողջության, տրանսպորտի և աշխատանքային պայմանների վրա։



Opinion, pooling and voting