2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստան վառելիքի ներկրման ծավալներով առաջատարն է Ռուսաստանը։ Այսպիսի եզրակացություն է արել Մրցակցության ազգային գործակալությունը ավտովառելիքի շուկայի յոթամսյա մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ, հայտնում է bm.ge-ն։
Հաշվետու ժամանակահատվածում 40 տնտեսվարող սուբյեկտներ Վրաստան են ներկրել 810 320 լիտր բենզին եւ դիզվառելիք։ Ներմուծման շուկայի համակենտրոնացման ինդեքսը (HHI) կազմել է 1547 միավոր, ինչը, ըստ գործակալության, չափավոր կենտրոնացված շուկայի ցուցանիշ է։
Ներմուծման ընդհանուր ծավալում խոշորագույն տնտեսական գործակալ-ներմուծողի տեսակարար կշիռը կազմում է 60,88%:
Վառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ 40,8%, որին հաջորդում են Ռումինիան՝ 26,5% և Բուլղարիան՝ 13,4%։
Գործակալության տվյալներով՝ ռուսական նավթի ներկրումն ընկերությունների համար ավելի էժան է, քան եվրոպականները։
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանից ներկրվող սովորական, պրեմիում և դիզելային վառելիքը զգալիորեն ցածր արժեք ունեն Ռումինիայից ներկրվող վառելիքի համեմատ, թեև խոշոր ընկերությունների դեպքում մանրածախ գինը սահմանվում է եվրոպականից ներկրվող վառելիքի մակարդակով։ Արժեքի տարբերությունը միջինում 20-70 թեթրի է 1 լիտր վառելիքի դիմաց։
Մանրածախ գնի վրա ազդող գործոնների վերլուծության արդյունքում գործակալությունը պարզել է նաև, որ Ռուսաստանից ներկրվող վառելիքի ինքնարժեքը միջինը 30-70 թեթրիով ցածր է եվրոպական երկրներից ներկրվող վառելիքից (մարտ-հուլիս ամիսներին)։
Միաժամանակ մանրածախ շուկայի խոշոր ընկերությունների դեպքում եվրոպական վառելիքը հասանելի է նույն գնով։ Ուստի գործակալությունը նշում է, որ խոշոր ընկերությունները ռուսական վառելիքը վաճառում են եվրոպական վառելիքի գնով։