Նոյեմբերի 15-ից Վրաստանում սպորտային մեքենաների տեխզննումը պարտադիր կդառնա, ասվում է կառավարության որոշման մեջ, որը հրապարակվել է «Վրաստանի օրենսդիր տեղեկատու» կայքում։
Սպորտային մեքենաները կենթարկվեն պարտադիր տեխզննման՝ «Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների տեխնիկական պարբերական զննության մասին» հրամանագրի համաձայն։
Ինչ վերաբերում է հենց «սպորտային ավտոմեքենա» հասկացությանը, ապա Վրաստանի կառավարությունն արդեն մեկ այլ հրամանագրով սահմանել է նման կարգավիճակ ստանալու ընթացակարգերը։ Այս կարգավիճակը կներկայացնի Մշակույթի և սպորտի նախարարությանը կից Վրաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան։
Ընդհանուր առմամբ տարեկան կգրանցվի 150 սպորտային ավտոմեքենա։
Նրանք պետք է համապատասխանեն ֆեդերացիայի կանոններով սահմանված բոլոր պարամետրերին՝ կապված նստատեղերի, ամրագոտիների, վահանակի, պատուհանների, անվադողերի, շարժիչի և այլնի հետ:
Միայն այս կարգավիճակով մեքենայով սեփականատերը իրավունք կունենա մասնակցել Ֆեդերացիայի միջոցառումներին և արտոնագրված պրոֆեսիոնալ մրցարշավներին: Այս դեպքում սեփականատերը պետք է լինի ֆեդերացիայի անդամ և ունենա համապատասխան լիցենզիա:
Բացի այդ, փոխվում են քաղաքներում և գյուղերում սպորտային մրցարշավների անցկացման կանոնները։ Այժմ Ֆեդերացիան պարտավոր է լինելու միջոցառումից երեք օր առաջ զեկուցել մրցավազքի անցկացման, դրանց մասնակցող վարորդների և մեքենաների մասին։
Վրաստանի քաղաքների և գյուղերի փողոցներում արգելվելու է սպորտային մեքենաներ վարելը, բացառությամբ ուսումնամարզական մրցավազքի, վերանորոգման կամ ճանապարհորդությունների։ Ընդ որում, ուսուցումը հնարավոր կլինի միայն ՆԳՆ-ի կողմից դրա համար նախատեսված վայրում։
Միևնույն ժամանակ, սպորտային մեքենան կարգավիճակը կարող է կորցնել տարին երեք անգամ խախտելով ճանապարհային կանոնները, տարին գոնե մեկ անգամ չմասնակցելով ֆեդերացիայի մրցարշավներին կամ հրաժարվելով տեխզննում անցնելուց։