«Կանայք հանուն Ջավախքի ապագայի» կազմակերպությունը 6-ամսյա ծրագիր է իրականացնում Նինոծմինդայում և Ախալքալաքում, որի նպատակն է պաշտպանել զբաղվածության խնդիրը և առաջարկել համայնքներում զբաղվածության կենտրոն բացել։
«Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ զբաղվածության խնդիրը մեր տարածաշրջանում արդիական է, ունենք աշխատատեղերի պակաս, միգրացիայի մակարդակի աճ»,- ասում է ծրագրի ղեկավար Լյոլյա Ռաիսյանը։
Կազմակերպությունը ցանկանում է դիմել Զբաղվածության ազգային գործակալություն՝ Նինոծմինդայում և/կամ Ախալքալաքում Զբաղվածության կենտրոն բացելու համար, որտեղ բնակիչները կարող են ծանոթանալ թափուր աշխատատեղերին, նախագծերին և այլն, իսկ կենտրոնի աշխատակիցները կօգնեն նրանց ինքնակենսագրական կազմել, լրացնել դիմումներ, գրել մոտիվացիոն նամակներ և այլն:
Ինչո՞ւ է առկա Ջավախքում նման կենտրոնի կարիքը։
Ջավախքում բնակչության 93%-ը էթնիկ հայեր են, իսկ պետական լեզվի չիմացության հարցը սուր է։
«Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ նախագծեր և թափուր աշխատատեղեր, սակայն այն պատճառով, որ տեղի բնակիչների մեծ մասը չի հասկանում վրացերենը, նրանց համար դժվար է փաստաթղթեր լրացնել կամ հասկանալ աշխատանքի պահանջներն ու պայմանները: Դրա համար մենք ուզում ենք Զբաղվածության կենտրոն բացել, որտեղ մարդկանց կօգնեն այս ամենով զբաղվել»,- ասում է Լյոլյա Ռաիսյանը։
Այս փուլում կազմակերպությունը ստորագրահավաք է իրականացնում խնդրագրի համար և տեղեկատվական հանդիպումներ անցկացնում տարբեր ոլորտների (հասարակական, բիզնես, լրատվամիջոցներ և այլն) ներկայացուցիչների հետ։ «Մենք արդեն այցելել ենք Ախալքալաքի երեք գյուղեր՝ Տուրցխ, Վաչիան և Կարտիկամ, ինչպես նաև հանդիպում ենք նախատեսում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ. Գոնդուրա և Հեշտիա գյուղերում։
Մանրամասները ձայնագրությունում՝