Այսօր՝ օգոստոսի 25-ին, Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան մոտեցնում ճանապարհաեզրին և ատրճանակը ձեռքին թեքվում դեպի իր հետևից երթևեկող մեքենայի ուղղությամբ: Ըստ ՆԳՆ-ի տեղեկության՝ զենքով անձը Արթուր Մկոյանն է, ում ոստիկանները բերման են ենթարկվել օգոստոսի 24-ի գիշերն իր տան խուզարկության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:
ՆԳՆ-ի տվյալներով՝ Արթուր Մկոյանը կրակել է ոստիկանության աշխատակցի վրա, ով սեփական մեքենայում է եղել:
Ըստ ՆԳՆ-ի տեղեկություններով, ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության աշխատակիցները խուզարկություն են կատարել Արթուր Մկոյանի տանը՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստի առթիվ։
«Այս տարվա օգոստոսի 23-ին, Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկության ընթացքում ենթադրաբար հրազենից կրակել է ոստիկանութան աշխատակցի վրա, ով սեփական մեքենան է վարել»:
Միջադեպից հետո վարորդը թաքնվել է սեփական մեքենայում:
Քննության շրջանակներում պարզվել է վարորդի ինքնությունը, ով վարել է Opel մակնիշի ավտոմեքենան, նա 1985 թվականին ծնված Ա.Մ.-ն է:
«Նշված անձը՝ Ա.Մ.-ն, բնակության վայրում իրավապահների կողմից իրականացված խուզարկության ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի համար բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նշանակում է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրել։