Արթուր Մկոյանի կինը մեկնաբանում է ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը

Արթուր Մկոյանի կինը մեկնաբանում է ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը

Արթուր Մկոյանի կինը՝ Մինա Մկոյանը մեկնաբանում է այսօր՝ օգոստոսի 25-ին, ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը՝ պնդելով, որ այդ օրը Արթուրի ձեռքում զենք չի եղել, որը նաև չի երևում տեսագրությունում։

«Այդ ժամանակ ես եղել եմ իմ ամուսնու կողքին, զենք նրա ձեռքին չի եղել, նրա ձեռքին եղել է իր փաստաթղթերի տուփը և հեռախոսը։ Ուզում եմ նշել, ինչի՞ համար էր ոստիկանը վիդեոն միացրած, ոչ ծառայողական մեքենայով, որի պետհամարանիշները ռուսական էր, գալիս մեր մեքենայի հետևից և եթե այդ ժամանակ եղել են կրակոցներ, ինչու՞ այդ վայրկյանին ոստիկանը չձերբակալեց ամուսնուս: Նրանք մեր տուն եկել են այդ դեպքից 6 ժամ անց, չեն ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ և տունը խուզարկելու որոշում», – մեկնաբանում է Մինա Մկոյանը։

Վերջինս պնդում է, որ դա սադրանք է եղել Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի և ոստիկանության Ստեփան Սմոյանի կողմից։

«Տեսագրության մեջ զենքը չի երևում։ Չի հաստատվում դա զենք է, թե՝ ոչ, չի լսվում նաև կրակոցի ձայն։ Ինչպես նաև չի երևում մեր մեքենայի պետհամարանիշները, իմ ամուսնու երեսը և ձեռքի իրը։ Սա սադրանք է մեր տեղական ոստիկանության կողմից, կոնկրետ Շալվա Լոմսաձեի և Ստեփան Սմոյանի կողմից, նրանք անօրինական են հետևել մեզ», – ավելացնում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Արթուր Մկոյանի կինը։

Հարցին, թե ինչու՞ է Արթուրն այդ պահին մեքենայի պատուհանից ձեռքը դուրս մեկնում և թեքվում, Մինան պատասխանեց.

«Մեր մեքենայի հետևից ինքը շատ մոտ էր գալիս, փորձում էր իր մեքենայով մեր մեքենայի դիմացը կտրել և ստեղծում էր վթարային իրավիճակ։ Արթուրը պատուհանից նայեց, որպեսզի հասկանա, թե ով է մեքենայի մեջ գտնվողը։ Մեքենայի մեջ էր Ստեփան Սմոյանը և նրա կողքը մի կին էր նստած»։

Ինչպես Մինա Մկոյանն է ասում, ինքն արդեն խոսել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իրավաբանի հետ և ոստիկանապետի կողմից իր հանդեպ սեռական ոտնձգության վերաբերյալ գործն արդեն ընթացքի մեջ է:

JNEWS-ի հարցին, արդյո՞ք այս ամենը քաղաքական կամ անձնական բնույթ է կրում, վերջինս պատասխանեց՝ և քաղաքական, և անձնական։

Ձեզ ենք ներկայացնում ներքին գործերի նախարարության հրապարակած տեսագրությունը.