Սոցիալական ծանր պայմաններում Ադելինա Եսոյանը միայնակ է մեծացնում երեք անչափահաս երեխաներին. Ընտանիքի հայրը մի քանի ամիս է՝ արտերկրում է։ Ադելինան ապրում է Նինոծմինդա քաղաքում գտնվող խարխուլ երկհարկանի տանը, որը պատկանում է պետությանը։
«Այս տարի որոշեցի, որ նույնիսկ հանուն երեխաների ամուսնուս տուն չեմ թողնի։ Ամեն անգամ ասում է, որ փոխվել է, բայց երբ խմում է, սկսում է հայհոյել, պատուհաններ ու դռներ կոտրել։ Հետո հեռանում է, և ես պետք է այդ ամենը նորից կարգի բերեմ: Ես արդեն 40 տարեկան եմ ու հոգնել եմ ամեն անգամ ինձ խայտառակ անելուց, անընդհատ ոստիկանություն կանչելուց։ Այս տարի նա սկսեց ապակի ջարդել, երեխաները վախից թաքնվեցին սենյակում, որպեսզի հայրը չնկատի նրանց, քանի դեռ պապը չի եկել։ Ես կարծում էի, որ բանտը ուղղեց նրան, բայց ոչ»։
Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով Ադելինան չի կարողանում աշխատել, իսկ ընտանիքի համար եկամտի միակ աղբյուրը սոցիալական օգնությունն է, երեխայի նպաստը։ Պետությունը յուրաքանչյուր երեխայի համար վճարում է 150 լարի, իսկ Ադելինան ստանում է առաջին հաշմանդամության խմբի թոշակ։ Ադելինան փորձում է գումարը բաժանել, որ մեկ ամսվա համար բավականացնի, հատկապես հիմա, երբ ամեն ինչ թանկացել է։ Ադելինան նշում է, որ եթե չլիներ ապրանքներ տրամադրող մի քանի խանութների տերերի բարեխղճությունը, ինքը չգիտի, թե ինչ կաներ, քանի որ վճարում է գումարը ստանալիս։
«Ամուսնացած եմ արդեն 9 տարի, բայց կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում միայնակ եմ ապրել՝ պետության կողմից տրվող նպաստով։ Երեխաներիս հոր կողմից աջակցություն չկար, բոլոր հոգսերն ինձ վրա են։ Ո՞ւմ բողոքեմ, սրանք իմ երեխաներն են, ես ինքս պետք է կյանքի պայմաններ ստեղծեմ։ Երեխաները անհանգիստ են, և դա պայմանավորված է հոր բացակայությամբ։ Տեսնում են, որ մյուս երեխաներն իրենց հոր հետ գնում են խանութ, պաղպաղակ կամ խաղալիքներ են առնում։ Մենք նման հնարավորություն չունենք։ Երեխաներս ուրախ են, որ ես իրենց խաղալիքներ եմ առնում Ամանորի և ծննդյան օրվա համար»,- ասում է երեք երեխաների մայրը։
Ինչպես նշում է Ադելինը, դրսից միշտ աջակցություն է եղել։ Անցյալ տարի համադասարանցիներն անակնկալ մատուցեցին Ամանորին. Մոտ 40000 ռուբլի ուղարկեցին, որ երեխաները Նոր տարին անցկացնեն ու բոլոր երեխաների պես ուրախ լինեն։ Սնունդը տրամադրվել է տարբեր կազմակերպությունների կողմից։ Իսկ գազի գինը ձմռանը վճարել է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը։ Բայց հիմա Ադելինան, քանի որ ձմռանը բնական գազով տունը տաքացնելը թանկ է, ամռանը թրիք է չորացնում ու վառելափայտ գնում։ «Ձմռան վառելիքը չորացնում ենք, քանի որ տունը բնական գազով տաքացնելու և քաղաքի բնակիչների պես ապրելու հնարավորություն չկա։ Երբեմն, երբ ինչ-որ տեղ շինարարություն է իրականացվում, ծառեր են հատվում, մեզ վառելափայտ են բերում։ Վերջերս Անդրանիկը վառելափայտ է ուղարկել, ինչի համար ես նրան շնորհակալ եմ»։
Ադելինան, չնայած նրան, որ տեսողության խնդիրներ ունի, ձմռան համար մուրաբաներ ու կոմպոտներ է պատրաստում։ Բանկաները ընտրում է նախշերով՝ տարբերելու համար, թե որ տարայի մեջ որ պահածոն է։
Ադելինան հույս ունի, որ կյանքը դեպի լավը կփոխվի, երբ երեխաները մեծանան և սկսեն աշխատել։