Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը։
Բանակցությունները տեւել են մոտ չորս ժամ։ Դրանց ավարտից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հրաժարվել են մամուլի հայտարարություններից։
Հանդիպմանը հաջորդած մամուլի համար մեկնաբանություն է արվել Եվրոպական խորհրդի ղեկավարի անունից, հաղորդում է JAM News-ը։
Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերին։
Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ քննարկումները նվիրված են եղել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին և յուրաքանչյուր երկրի ԵՄ-ի հարաբերություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որը Միշելը որակել է որպես «բաց և արդյունավետ»։ Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում դիտարկվել է հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի ողջ շրջանակը։
Ավելին, Շառլ Միշելը ուրվագծել է յուրաքանչյուր կետի վերաբերյալ բանակցությունների էությունը։ Միշելի հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«Խաղաղ համաձայնագիր
Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու ուղղությամբ, և հանձնարարեցինք արտգործնախարարներին մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա։
Հումանիտար հարցեր
Մանրամասն քննարկեցինք նաև հումանիտար հարցեր՝ ականազերծում, բանտարկյալներ և անհայտ կորածների ճակատագրեր։ Նախագահ Միշելը Ադրբեջանին ընդգծել է հայ կալանավորների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով։
Սահմանային խնդիրներ
Մենք գնահատել ենք առաջընթացը սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև դիտարկել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացման տարբերակներ։ Մենք պայմանավորվեցինք, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում։
Հաղորդակցություններ
Մենք քննարկել ենք տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մի շարք պայմաններ։ Այս բոլոր քննարկումների կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչության ներգրավումը և երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստումը։
Հրապարակային հայտարարություններն այս առումով վճռորոշ են. նման զգայուն իրավիճակում բարձրաձայն հնչող յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում և կշռադատվում է մյուս կողմից: Եվրամիությունը պատրաստ է էլ ավելի մեծացնել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը։ ԵՄ-ն նաև կշարունակի խթանել տնտեսական զարգացումը երկու երկրների բարգավաճման և նրանց բնակչության բարեկեցության համար», -ասվել է հայտարարության մեջ:
Ռուսաստանում բանակցություններն արդեն անվանել են «կեղծ նախաձեռնություն», իսկ ԱՄՆ-ում աջակցել են երկխոսությանը.
Օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում կայացած հանդիպման օրը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով, սակայն իրական ցանկություն չկա նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը.
«Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի։ Մոսկվան կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր կետերի ամենաբարձր մակարդակով իրագործման վրա։
Ինչ վերաբերում է այս ուղղությամբ ԵՄ-ի ծրագրերին, ապա ՌԴ ԱԳՆ-ն այս առնչությամբ որեւէ տեղեկություն հայ եւ ադրբեջանցի գործընկերներից չի ստացել։ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, աշխատում է, և այդ աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքների, որոնք համապատասխան գնահատականներ են ստանում Երևանի և Բաքվի կողմից»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Լրագրողների այն հարցին, թե ինչ է ակնկալում Պետդեպարտամենտը Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, նա ասել է.
«Ես կարող եմ կրկնել այն, ինչ մենք նախկինում ասել ենք. Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի առաջխաղացմանը»: