Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել սոցցանցերում տարիներ շարունակ ստեղծված «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի տարածած՝ ծննդատներից նորածինների ենթադրյալ ապօրինի վաճառքի փաստերի վերաբերյալ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասների թրաֆիքինգին, պատժվում է 8-ից 12 տարի ազատազրկմամբ։
Նշենք, որ օգոստոսի 31-ին «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի համակարգող Թամունա Մուսերիձեն վեց ժամ գտնվել է ՆԳՆ-ում։
Մուսերիձեն իրավապահներին տեղեկատվություն է տրամադրել վերջին երկու տարվա ընթացքում իր և խմբի մյուս մոդերատորների հավաքագրած փաստերի մասին։ Խոսքը տասնամյակներ շարունակ Վրաստանի տարբեր ծննդատներից երեխաների ապօրինի որդեգրման ու վաճառքի փաստերի մասին է։
Բացի անցյալ դարի 80-90-ականներին ծնված երեխաների ենթադրյալ անօրինական վաճառքի փաստերից՝ Մուսերիձեն ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն 2003 թվականին ծնված երկու երեխաների ապօրինի որդեգրման մասին։ aliq.ge