Վրաստանը պատրաստվում է միանալ Եվրո վճարումների միասնական գոտուն (SEPA), որը կհեշտացնի ԵՄ երկրների հետ դրամական գործարքները։
Այդ նպատակով Վրաստանի կառավարությունն արդեն խորհրդարանին է ներկայացրել Ազգային բանկի, առեւտրային բանկերի գործունեության եւ վճարային համակարգի մասին օրենքների փաթեթներ։
«SEPA-ին միանալը օգուտներ կբերի բազմաթիվ ոլորտներում. այն կավելացնի Վրաստանի բանկային հատվածի վստահությունը միջազգային ասպարեզում, կպարզեցնի առևտրային հարաբերությունները Եվրոպական տնտեսական տարածքի հետ, պարզեցված ծառայություններ կտրամադրվեն Վրաստանի քաղաքացիներին, ինչը հատկապես կարևոր է հաշվի առնելով ԵՄ երկրներից տրանսֆերտների աճի միտումը, ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին։
Վրաստանի խորհրդարանում օրինագծի քննարկումները կսկսվեն առաջիկա օրերին համապատասխան հանձնաժողովների մակարդակներում՝ ֆինանսաբյուջետային, ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության, իրավական հարցերի և եվրաինտեգրման հարցերով:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ SEPA-ին միանալը ևս մեկ քայլ է երկրի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին։
SEPA-ն եվրոյով փոխանցում է Եվրոպայի և Եվրոպական տնտեսական տարածքի բանկային հաշիվների միջև: SEPA համակարգի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել առանց գործարքների բարձր վճարների և բավականին արագ: Գումար փոխանցելու համար պահանջվող ժամանակը տատանվում է մի քանի վայրկյանից մինչև մեկ աշխատանքային օր: