Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել արտասահմանում Ռուսաստանի մարդասիրական քաղաքականության հայեցակարգին։ Ռուսաստանի ղեկավարի համապատասխան հրամանագիրը և հայեցակարգի տեքստը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ արտերկրում Մոսկվայի մարդասիրական քաղաքականության առաջնահերթությունը կլինի ԱՊՀ երկրների ու ինքնահռչակ հանրապետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի հետ համագործակցության ընդլայնումը։
Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի և Մոլդովայի հետ շփվելիս հաշվի կառնվի այդ պետություններում ռուսալեզու բնակչության իրավունքների պահպանումը, ասվում է հայեցակարգում։
«Ռուսաստանի Դաշնությունը աջակցություն է ցուցաբերում արտերկրում ապրող հայրենակիցներին իրենց իրավունքների իրականացման, շահերի պաշտպանության և համառուսաստանյան մշակութային ինքնության պահպանման գործում»,- ասվում է հայեցակարգի տեքստում, հաղորդում է «Էխո Կովկասը»։
Հավելենք, որ 2022 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 355%-ով՝ մինչև 299 094 մարդ։ Միայն հունիսին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի ավելի քան 135 հազար քաղաքացի։ Հասարակությունը բազմիցս մտահոգություն է հայտնել այս առնչությամբ, ընդդիմախոսներն ու ակտիվիստները կոչ են արել կառավարությանը լրացուցիչ վերահսկողության մեխանիզմներ սահմանել և նույնիսկ վիզային ռեժիմ մտցնել ՌԴ քաղաքացիների համար։ Գործող կանոնակարգի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում կարող են ազատ մնալ 1 տարի։