Սամեբա գյուղում անասունների հիվանդացության դեպքերի մասին ահազանգերը ինչպես նշում է Վրաստանի Սննդի վերահսկման ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ղեկավար Լիա Բեքաուրին կեղծ են եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական և Սամեբա գյուղերում կովերը հիվանդանում և սատկում են։
Արդեն մի քանի օր է, ինչ գյուղացիների խոսքերով, կովերը անհայտ պատճառներով հիվանդանում են և մեկից երկու օրվա ընթացքում սատկում։ Հիվանդությունը ուղեկցվում է ջերմությամբ, այլ ախտանշաններից են՝ զարկերակի արագ բաբախում, աչքերից արցունքահոսում։ Թե ինչ հիվանդություն է և ինչպես պետք է պայքարել դրա դեմ դիմեցինք Վրաստանի Սննդի վերահսկման ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ղեկավարին։
Լիա Բեքաուրիի խոսքով՝ անասուններից նմուշներ են վերցվել և ուղղարկվել են լաբորատորիա փորձաքննության։ Բայց կասկած կա, որ դա պիրոպլազմոզ հիվանդությունն է: Մարդկանց համար դա վտանգավոր չէ, նրանք չեն վարակվում, սա միայն կենդանիների հիվանդություն է և չի փոխանցվում մարդկանց։
Արդյո՞ք կպատվաստվեն կովերը
Պիրոպլազմոզի բուժումը պետական ծրագրում ներառված չէ։ Սեփականատերն ինքը պետք է հոգ տանի իր կենդանու մասին և անցկացնի համապատասխան բուժում։ Ներկայումս մեկ կենդանի է սատկել, մի քանի հիվանդ կով գտնվում են գոմերում։ Թե սատկած կովից, թե հիվանդներից վերցված և լաբորատորիա տեղափոխված կենսանյութի արդյունքները հայտնի կդառնան մի քանի օրից։
Ի՞նչ անել
Վարակումից խուսափելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Եթե կովն արդեն հիվանդ է, ապա պետք է դիմել մասնավոր անասնաբույժի, որը կբուժի կովին։ Հիվանդ կենդանու միսը սննդի մեջ ներառելու համար խորհուրդ չի տրվում։
Պիրոպլազմոզի մասին
Հիվանդությունն ընթանում է կենդանու մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սիրտանոթային և մարսողական համակարգերի կենսագործունեության խանգարմամբ և սակավարյունությամբ։ ժամանակին անհրաժեշտ բուժմիջոցառումներ չձեռնարկելու դեպքում նկատվում են զանգվածային անկումներ՝ մեկից երկու օրվա ընթացքում։