News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն ընթացիկ տարվա դեկտեմբերին հավաքվելու են Թբիլիսիում` քննարկելու համար Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը։
Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Կոնֆերանսի անցկացման մասին որոշումն ընդունվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռադու Լիվիու Խորումբայի հանդիպման ժամանակ։
Ֆորումին մասնակցելու են ՆԱՏՕ-ի երկրների ու Սևծովյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները։
Իզորիան հայտարարել է. «Մենք մեծապես շահագրգռված ենք հարաբերությունների խորացման համար, քանի որ հենց Ռումինիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, պետք է դառնա առաջատար երկիր, որպեսզի Սև ծովի անվտանգության սեկտորը, անվտանգության թեմաները մնան առաջին պլանում»։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը։ Կոնֆերանսի անցկացման ստույգ ժամկետը դեռ անհայտ է։