Թանաք դարձած արցունքներ, կամ «Սեր, որ պարտվեց պատերազմին»

Թանաք դարձած արցունքներ, կամ «Սեր, որ պարտվեց պատերազմին»

Մարիաննան Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից է։ Մեկնել էր Երևան սովորելու։ Այնտեղ էլ ծանոթացել էր զինվորական սպա Ռաֆայել Մխչյանի հետ ու ամուսնացել էին։

«Հենց այդ երեկո երկուսս էլ խոստովանեցինք, որ սիրահարված ենք։ Ես խոստացա սպասել լուռ, ինքն էլ խոստացավ այնպես անել, որ կյանքում չփոշմանեմ»,- իր սիրո հանդիպումի տպավորիչ պահով գրքում կիսվում է Մարիաննան։

Սակայն 44-օրյա պատերազմը նրանց բաժանեց մեկընդմիշտ։

«Սեպտեմբերի 27-ն էր, արձակուրդ էինք եկել մի ամսով։ Բոլոր առավոտների նման այդ առավոտ էլ քնած էինք, ու հանկարծ հանգիստ քունը խանգարում է մի զանգ, որը դառնում է ամբողջ կյանքի համար ամենավատ զանգերից մեկը։ «Ալո, Մխչյա՛ն, պատերազմ է»։ Այդ օրվանից մինչև օրս իմ համար առավոտները չեն լինում հրաշալի»,- այսպես է սկսում գիրքը՝ Մարիաննան։

Ու իսկապես, այնտեղ հեռվում մի արկ պայթեց, մի երիտասարդ զինվոր ընկավ ու մի երիտասարդ կնոջ սիրտ փշուր – փշուր եղավ։ Այդ կինը փշուրները հատիկ առ հատիկ հավաքեց ու դրանց նոր շունչ տվեց՝ վերածելով պարտված սիրո պատմության։ Մտածում եմ՝ նա կարող էր նույնիսկ չհավաքել այդ փշուրները, կարող էր այդպես էլ թողնել։ Բայց հավաքեց, դողում էր ամեն մի փշուրի վրա, որվհետև այդ փշուրների մեջ մի ժամանակ անսահման սեր կար, հիմա էլ կա, սակայն պատերազմին պարտված սեր է։

Ռաֆայելը հերոսաբար ընկավ մարտի դաշտում։ Նրա կորստյան ցավը Մարիաննային սուզեց արցունքների մեջ։ Սուզեց, փորձեց անգամ խեղդել, բայց Ռաֆայելի անունն ու պատիվը միշտ բարձր պահող էր պետք։ Նրա շիրիմին այցելող ու ցաված վերքը արցունքով հովացնող էր պետք։ Արցունքներ, որոնց ամեն մի կաթիլ դարձավ մի մի տառ ու ծնվեց «Սեր, որ պարտվեց պատերազմին» գիրքը։

«Ջաբրայիլից, որտեղ ծառայում էր Ռաֆոն, վերադարձա Երևան ու էլ ոչինչ չունեի։ Միայն հուշեր էին մնացել ու չուզեցի, որ մեր պատմությունը, մեր սիրո պատմությունը հենց այնպես գնա ու կորչի և որոշեցի դրանք հավաքել մի տեղում։ Գիրք գրելու մտադրություն չունեի։ Գրում էի ինձ համար»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասում է Մարիաննան։

Կորստյան ցավը ստիպում էր Մարիաննային երկար գրել։ Արցունքները դառնում էին թանաք։

«Սկզբում կարճ էի գրել, հետո երկար գրեցի։ Երբ ավարտեցի,գրածս ուղարկեցի դասախոսիս նայելու։ Նա ԱՄՆ-ում էր։ Ընթերցել էր ու այդտեղից սկսվեց գրքի տպագրման պատմությունը»։

Ինչպես նշում է Մարիաննան շատերն են աջակցել մինչև որ գրածը հասել է տպարան։ Տպարանում էլ ոչ մի գումար չեն վերցրել։ Գիրքը տպագրվել է 20 օրինակով։

«Գիրքը վաճառքի հանելու մտադրություն չունեմ ու չեմ էլ հանի, դա ընդամենը իմ պատմությունն է։ Ինչքան որ տպագրվել է, դրանք կնվիրեմ հարազատներիս և ովքեր որ ցանկանում են ընթերցել կնվիրեմ նրանց։ Պատմությունս չեմ ուզում վերածել փողի»։

Մարիաննայի այս խոսքերից հետո մեր զրույցի մեջ լռություն տիրեց։ Լռություն, որը ամեն ինչ արժեր։ Լռություն, որը բնորոշ է միայն մարտի դաշտում ընկած հերոսի կնոջը։ Այդ լռության մասին անգամ նկարգրված է գրքում.

«Լացելով ասեցի Ռաֆոյին, որ չգնա կռիվ, գոռաց, որ երբեք իմ վրա չէր գոռացել, ու ասեց, որ վերջ տամ։ Այդ օրվանից հետո ու մինչև հիմա ես էլ ոչ մի բառ չեմ խոսում»,- գրում է Մարիաննան։

Մարիաննան գրքում պատմում է, որ ինքը և Ռաֆայելի հարազատները շատ են համոզել նրան, որ չգնա կռիվ, Ռաֆայելը նրանց պատասխանում էր.

«Դուք հասկանում եք հիմա իմ զինվորները հոտը կորցրած ոչխարի նման անտեր են, ես ոնց մնամ ստեղ, ես ազգի դավաճան չեմ, պիտի՛ գնամ»։

Պիտի գնար, որովհետև իր զինվորները սեփական արյամբ պաշտպանում էին հայրենիքը։ Սակայն Մարիաննան և հարազատները նրան համոզել են, մի օր էլ մնա։

«Այդ օրը՝ ամսի 27-ին, մի կերպ համոզեցինք, մնաց։ Երեկոյան, երբ մենակ էինք, լացելով խնդրեցի, որ զգույշ լինի ու ոնց իրար հետ եկել ենք արձակուրդ, այդպես էլ գա ու իրար հետ գնանք։ Փաթաթվեց ու ասեց․ «Ցավդ տանեմ սա պատերազմ է, ես չգիտեմ ինչ կարա լինի, բայց էլ չլացես, որ գամ, մարդ ես մեկ էլ տեսար մեռա, այդ ժամանակ կլացես այ նվիկ, հիշի, որ քեզ շատ եմ սիրում կյանքս»։

ՈՒ դա եղավ մեր վերջին միասին զրույցը»։

Հաջորդ օրը հրաժեշտի պահն էր, հրաժեշտ, որ փշաքաղեցնում է։

«Մենակ տեսնեիք այդ տղաները ինչ մեծ ոգևորությամբ էին գնում, մտածում էին երևի կհաղթեն։

Երբ արդեն հրաժեշտ տալու պահը եկավ, այնքան ուժեղ էինք փաթաթվել, կարծես զգում էինք, որ դա վերջինն էր։ Ականջին շշնջացի, որ անպայման հետ գա, կսպասեմ, որ իրեն շատ եմ սիրում։ Գիտեի, որ չի սիրում, երբ լացում եմ, ուժեղ գտնվեցի ու զսպեցի ինձ մինչև գնաց։ Ցավոք, դա եղավ մեր վերջին հանդիպումը, հրաժեշտն ու համբույրը։

Ծափահարություններով ճանապարհեցինք տղաներին ու մեծ ոգևորությամբ, չգիտեմ այդքանից քանիսը հետ եկան»։

Մարիաննան չգիտեր թե քանիսը հետ եկան, բայց ցավոք նրա Ռաֆայելը հետ չեկավ։

Ռաֆոյի մեկնելուց հետո (Սեպտեմբերի 28) Մարիաննան մի քանի անգամ հեռախոսով զրուցել է նրա հետ, իմանալու համար ինչպես է, ուր հասան և ինչ եղան։ Սակայն այդ զանգերից մեկը եղավ վերջինը։

«Հոկտեմբերի 2-ն էր։ Հիվանդանոցում էի բժիշկի մոտ, զանգ եկավ Ղարաբաղի համարով, խելակորույս թռա տեղիցս ու արագ վերցրի.

– Կյանքս, բարև ո՞նց ես, ես եմ Ռաֆը, ստեղ կապը լավ չի դրա համար չէի զանգում, ու՞ր ես։

– Կյանք, ասա դու ո՞նց ես, էդտեղ ո՞նցա վիճակը, ու՞ր ես, հո չես բարձրացել դիրքեր, ես հիվանդանոցում եմ։

– Սաղ լավա ցավդ տանեմ, դու ուշադիր էղի, բժիշկը ինչ ասումա կանես, չխնայես ինչ դեղ պետքա կառնես, ես լավ եմ, սիրում եմ քեզ շատ ու պաչում, էլի կզանգեմ։ Ամեն ինչ լավա լինելու, կգամ Մարիս։

ՈՒ այդ օրվանից մինչև այսօր իր հեռախոսը հավիտյան լռեց»։

Հեռախոսը հավիտյան լռեց, Ռաֆոն էլ չեկավ։ Նա հերոսաբար զոհվել էր մարտի դաշտում։ Գրքում նկարագրված է նաև այդ պահը.

«Ցավոք հենց հոկտեմբերի 3-ի առավոտն էլ եղել է դեպքը։ Գիշերով շրջափակման մեջ են ընկել, թշնամին հայերենով գոռացել է, թե եկեք մեր կողմ, հայեր ենք, զինվորները ու կամավորները չիմանալով ուրախացած առաջ են գնացել, Ռաֆս գլխի է ընկել ու գոռացել է, թե հայեր չեն, մի՛ գնացեք։ Թշնամին հասկանալով, որ բացահայտված է, սկսել է կրակել։ Առջևի խմբում եղածներից գրեթե ոչ մեկը ողջ չի մնացել, իսկ ովքեր կարողացել են, փախել են։ Ռաֆս ոտքից է վիրավորվել, ոսկորն է ջարդվել ու չի կարողացել իրեն տեղաշարժի, 3 անգամ կապ է տվել, ցավոք չգիտեմ չեն կարողացել, թե չեն հանել, արնաքամ է եղել»։

Մի սեր, որ արյունաքամ ու արցունքաքամ եղավ։

Մեր զրույցը Մարիաննայի հետ ավարտվեց հետևյալ հարցով, թե արդյոք Երևանից կվերադառնա իր հայրենի գյուղ՝ Ժդանովական, նա պատասխանեց.

«Ոչ, չեմ վերադառնա, Ռաֆոն Եռաբլուրում է, և ես չեմ կարող նրանից հեռու լինել»։

Այդ մասին Մարիաննան գրում է նաև գրքի վերջաբանում.

«Ու հա, ես իմ կյանքի միակ ու իդեալական սիրուն թողեցի Եռաբլուրում։ Ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրն, իմ Ռաֆայելի «տունը» Երևանում է։ Միշտ ինձ հետ ես դու իմ թանկ բացակա։ Ցավոք, մեր սերը պարտվեց պատերազմին, բայց դու հաղթել ես իմ լուսավոր, լույսերի մեջ մնաս»:

Մարիաննա Մնոյանի «Սեր, որ պարտվեց պատերազմին» գիրքը ընթերցողին ստիպում է մեկ մտովի տեղափոխվել մարտի դաշտ, մեկ մասնակից լինել մի սիրո երջանիկ պատմության, մեկ էլ ստիպում է մասնակից լինել մի ահռելի ողբերգության։

Նյութի հեղինակ՝ Արկադի Սիմոնյան։