Մեծ Բրիտանիայում մահացել է Եղիսաբեթ II թագուհին։ Այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը։ Պալատի դարպասներին սգո հայտարարություն է տեղադրվել։
Եղիսաբեթ II-ը՝ թագավոր Ջորջ VI-ի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ Ստացել է տնային կրթություն։ 1945 թվականին նա ընդունվել է Օժանդակ տարածքային ծառայության՝ բրիտանական բանակի կանանց բաժինը։
1947 թվականին տեղի է ունեցել Էլիզաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը։ Նրանք ունեցել են չորս երեխա։
Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականին, 2015 թվականին նա դարձել է Մեծ Բրիտանիայի և Անգլիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը։
Հունիսի սկզբին թագավորությունում տոնակատարություններ են անցկացվել «պլատինե հոբելյանի»՝ Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի կապակցությամբ։
Եղիսաբեթ II-ի օրոք փոխվեցին 14 վարչապետներ (առաջինը Ուինսթոն Չերչիլն էր), բրիտանական բազմաթիվ նախկին գաղութներ անկախություն ձեռք բերեցին։ Համագործակցության մի շարք երկրներ դարձան հանրապետություններ։ Դրանցից վերջինը՝ Բարբադոսը, անցյալ տարի։
Թագուհին հանդիպել է բազմաթիվ պատմական դեմքերի՝ Ջոն Քենեդիից և Յուրի Գագարինից մինչև Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը: Եղիսաբեթ II-ը բազմաթիվ ֆիլմերի և հեռուստասերիալների, այդ թվում՝ գեղարվեստական գրականության հերոսուհին է և բրիտանական ժամանակակից կյանքի և մշակույթի խորհրդանիշներից մեկը։
Սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ 96-ամյա թագուհին գտնվում է իր առողջությամբ մտահոգ բժիշկների հսկողության տակ։
Նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո բրիտանացի և համաշխարհային առաջատար քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում նրան շուտափույթ ապաքինում մաղթեցին: