
Թբիլիսիի բնակիչը, ով վիրավորել է ոստիկանին, ձերբակալել են վրաց-հայկական սահմանի Սադախլո անցակետում, երբ նա փորձել է լքել երկիրը։
Այս տեղեկությունն այսօր տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ քննիչների՝ 42-ամյա տղամարդը կրակել է ոստիկանի վրա և դեպքի վայրից դիմել փախուստի։ Այդ ժամանակ ՆԳՆ աշխատակիցը ընկերների հետ գտնվել է Թբիլիսիի կենտրոնի Տաբիձեի փողոցում եւ չի հերթապահել։
Վիրավորը հոսպիտալացվել է։ Բժիշկները նրան ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն, հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։
Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցրել, թե որն է եղել հանցագործության դրդապատճառը։
Նախաքննությունը շարունակվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու փաստերով։ Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։