Վարորդական իրավունքի քննությանը կավելացվի բանավոր մաս

Վարորդական իրավունքի քննությանը կավելացվի բանավոր մաս

Վարորդական վկայական ստանալ ցանկացողները ստիպված կլինեն բանավոր պատասխանել մեքենայի շահագործման վերաբերյալ հարցերին։

Վրաստանում 2023 թվականի հունվարի 1-ից վարորդական իրավունք ստանալու համար պրակտիկ քննություն հանձնողները պետք է պատասխանեն մի շարք լրացուցիչ հարցերի, ՆԳ նախարարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։

Նորամուծության համաձայն՝ ավտոհարթակում պրակտիկ քննություն հանձնելիս վարորդական իրավունք ստանալ ցանկացողները պետք է բանավոր պատասխանեն մեքենայի շահագործման վերաբերյալ հարցերին։

Մասնավորապես, հարցերը վերաբերելու են` յուղի, արգելակային հեղուկի, արգելակման համակարգի, ղեկի, լուսարձակների, շարժիչի, վթարային լույսերի, անվադողերի ստուգմանը և այլն: Բացի այդ, դիմորդը պետք է ցույց տա, թե ինչպես պետք է ստուգել մեքենան անվտանգության նորմերին համապատասխանում է, թե ոչ: Միևնույն ժամանակ, այս պահանջները վերաբերում են ինչպես թեթև մարդատար ավտոմեքենաների, այնպես էլ ուղևորատար և բեռնատար ավտոմեքենաների վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացողներին։

Վարորդական իրավունքի քննությունը Վրաստանում անցկացվում է երեք փուլով. առաջին փուլը տեսականն է, երկրորդը՝ տեղում մանևրների իրականացումը և երրորդ փուլը՝ իրական պայմաններում փողոցում մանևրներ կատարելը։ Վարորդական իրավունք հնարավոր է ստանալ միայն անցնելով այս բոլոր երեք փուլերը։