Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ ՊՆ

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ ՊՆ

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են, այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արդանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՊՆ խոսնակը նշեց, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց  առջև դրված մարտական խնդիրները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ է։ Ավելին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Այս ձեռագրին մենք ծանոթ ենք դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– ասել է նա։  

Նա նաև տեղեկացրեց, որ ՊՆ–ն պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով իրադրության զարգացումների վերաբերյալ։ «Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– ասել է նա։