Բոտուլիզմը մահացու, ինֆեկցիոն թունավորման հիվանդություն է: Հիվանդության հարուցիչն է Clostridium botullini-ն, որը հողի եւ շատ կենդանիների աղիների մեջ է ապրում: Կենդանու կղանքի հետ մանրէն հայտնվում է հողի մեջ, որտեղից ընկնում է սննդամթերքի, առավել հաճախ՝ բանջարեղենի եւ սնկերի մեջ:
Բակտերիան ինքնին մարդու համար վտանգավոր չէ, սական թթվածնի քիչ պարունակությամբ միջավայրում (օրինակ՝ պահածոներում) այն սկսում է թույներ արտադրել, որոնք օրգանիզմ ընկնելով՝ ստամոքսի լորձաթաղանթի եւ աղիների միջոցով արյան մեջ են ներծծվում եւ ախտահարում են նյարդային համակարգի տարբեր հատվածները: Հիվանդությունը բավական արագ է զարգանում, առաջացնում է նյարդային ազդակի փոխանցման խանգարում եւ ամբողջ օրգանիզմում մկանների կաթված: Բուժման բացակայության դեպքում շնչուղիների կաթվածը հանգեցնում է հիվանդի մահվան:
Բոտուլաթույնը աշխարհում հայտնի բնական ամենաուժեղ թույներից մեկն է. այն 375 հազար անգամ ավելի ուժեղ է, քան բոժոժավոր օձի թույնը, իսկ մարդու համար մահացու չափաքանակն է մարմնի 50 կգ զանգվածի համար 5 նգ-ը:
Դեպքերի գերակշիռ մասում բոտուլիզմով թունավորվելու պատճառը պահածոյացված սնկերն են եւ տնային պայմաններում պատրաստված բանջարեղենը: Քանի որ տարայի մեջ բոտուլաթույնը բներով է կուտակվում, նույն տարայի մթերքից օգտված ոչ բոլոր մարդիկ են հիվանդանում:
Ախտանշաններ
Բոտուլիզմի դեպքում գաղտնի շրջանը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր (դեպքեր են եղել, երբ հիվանդությունը երեւան է եկել թունավորվելուց հետո 12 օր անց): Կարծիք կա, որ որքան ծանր է հիվանդությունը, այնքան գաղտնի շրջանը կարճատեւ է:
Բոտուլիզմի առաջին նշաններն են սրատեսության խանգարումը՝ աչքերում մշուշ է առաջանում, մոտիկ գտնվող իրերի վատ տարբերակումը, երկտեսությունը, շլությունը: Այնհետեւ կարող են առաջանալ խոսքի խանգարում, թուլություն, բերանի չորություն, կլլման խանգարում, ձայնի փոփոխություն, սրտխառնոց եւ փսխում, ջրիկ կղանք եւ այլ ախտանշաններ: Մարմնի ջերմաստիճանը կարող է նորմալ կամ բարձր լինել:
Մարդիկ այս ախտանշանները հաճախ ընդունում են որպես ալկոհոլային կամ սովորական թունավորման նշաններ եւ ժամանակին չեն դիմում բժշկի, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց առողջանալու հավանականությունը:
Առաջին օգնություն
Բոտուլիզմի ժամանակ առաջին օգնություն չի պահանջվում. անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել: Փսխում առաջացնելը, ստամոքսի եւ աղիների լվացումն անիմաստ են, քանի որ թույնը ստամոքսից արագորեն արյան մեջ է ներծծվում. այն արյան մեջ է հայտնվում առաջին ախտանշանների հայտնվելուց ավելի վաղ:
Բուժում
Ախտորոշումը սովորաբար ինֆեկցիոնիստի կողմից կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա եւ հաստատվում է սնունդի մնացորդի բակտերիոլոգիական հետազոտությամբ, որի օգտագործումից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատացել է:
Հիմնական բուժումը հակաբոտուլինային շիճուկի ներարկումն է, որը թույնը չեզոքացնում է: Դա կատարվում է հիվանդանոցային պայմաններում, ուստի բոտուլզմն անհնար է տանը բուժել եւ վտանգավոր է հիվանդի կյանքի համար:
Կանխարգելում
Բոտուլիզմով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում չօգտագործել պահածոյացված մթերքներ եւ տնային պայմաններում պատրաստված մթերապաշարներ: Գործարաններում պահածոները հատուկ պայմաններում են պատրաստվում՝ հատուկ տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ բարձր ջերմաստիճանների պայմաններում, հետեւաբար՝ դրանցից բոտուլիզմով վարակվելու հավանականությունը շատ փոքր է: Տանը պարզապես անհնար է այս պայմանների եւ պահածոների լիակատար անվտանգության ապահովումը, նույնիսկ եռացնելը Clostridiumbotullini բակտերիան չի սպանում:
Եթե, այնուամենայվիվ, պատրաստվում եք տանը պատրաստված պահածո ուտել, մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ այն 20-25 րոպե եռացնել:
Նշենք, որ տանը պատրասված մուրաբաները սովորաբար անվտանգ են եւ բոտուլիզմի պատճառ չեն դառնում, եթե դրանց մեջ շաքարի պարունակությունը 50 տոկոսից ավելի է:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine