Ավարտվել են Դիլիֆ գյուղից Գոնդուրա տանող ջրահեռացման փոսերի մաքրման աշխատանքները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Գոնդուրա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրով ավարտվել են գյուղի դրենաժային փոսերի մաքրման աշխատանքները։
Ուղղակի պայմանագրով աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռնարկատեր Շողակաթ Շիրինյանը։
«Օգնություն գյուղին» ծրագրով Մ.Գոնդուրա գյուղի համար հատկացվել է 16 000 լարի, որից 12 000 լարի հատկացվել է դրենաժային փոսերի մաքրմանը, իսկ մնացած 4000 լարիի համար սկսվել են գիշերային լուսավորության տեղադրման աշխատանքները։
Ինչպես նշեց գյուղի բնակիչ Գեւորգ Զուռնաջյանը, ջրահեռացման համակարգի հարցը երկար տարիներ լուծված չէր: Բայց այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով մենք առաջնահերթություն ենք տվել այս համակարգի մաքրմանը: Անընդհատ մեր արտերը լցվել են ջրով, և մենք չենք կարողացել օգտագործել այդ տարածքները։ Այժմ, մաքրումից հետո, բնակիչները կարողացել են խոտ հնձել։
Ինչպես նշել է քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանը, ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Մոտ երեք կիլոմետր ջրահեռացման համակարգ է մաքրվել։ Ինչ վերաբերում է մնացած գումարին, ապա գիշերային լուսավորության տեղադրման աշխատանքների 70%-ն ավարտված է։ Բնակիչներն արդեն ստացել են ջրահեռացման համակարգի մաքրման արդյունքը, կարողացել են այս տարածքն օգտագործել իրենց օգտին։
Նշենք, որ ամեն տարի ջրահեռացման համակարգի խցանման պատճառով տեղատարափ անձրևները և հալոցքային ջրերը լցվում էին Մ.Գոնդուրա գյուղի բնակիչների բակերն ու մարգագետինները։
Հավելենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը մունիցիպալիտետի գյուղերի համար 2022թ.-ին ստացել է 444 000 լարի։ Առաջնահերթությունները որոշելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել գյուղերի բնակիչների հետ, բաշխել վերոնշյալ աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը։
Քաղաքապետարանի ողջ տարածքում իրականացված 42 ծրագրերից միայն չորս ծրագիր է իրականացվելու մրցույթով, մնացած բոլոր աշխատանքները կիրականացվեն ուղղակի պայմանագրով։