Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչների շրջանում լուրեր են պտտվում եղջերավոր կենդանիների տարբեր հիվանդությունների վերաբերյալ: Խոսակցություններ են պտտվում, որ մասնավորապես Սաթխա գյուղում կովերի մոտ նկատվում է գրիպ հիվանդությունը:
NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Սաթխայի բնակչի խոսքով՝ կովերի մոտ առկա է քայլելու խնդիր, որի պատճառ է հանդիսանում չորությունը, բնակլիմայական պայմանները: Իսկ ինչ վերաբերվում է գրիպին մեր կովերի մոտ նկատվել է եւ դրա ախտանիշներն են, լուծը, դանդաղ քայլելը եւ աչքերի արցունքները: Բայց այդ ամենը բուժվել է տնային պայմաններում:
Նշենք, որ Նինոծմինդայի շրջանում անցկացվում է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների պատվաստում, անասնաբույժ Մուրադ Ղաշխչյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Այս պահին դաբաղի դիմաց պատվաստում ենք մանր եղջերավոր կենդանիներին, սակայն Թուրքիայում նկատվել է դաբաղ հիվանդությունը հիմա անխտիր ու պարտադիր կերպով ինչպես մանր այնպես էլ խոշոր եղջերավոր կենդանիները պետք է պատվաստենք, նամանավանդ այն վայրերը որը սահմանակից են Թուրքիայի հետ»:
«Այս սեզոնին կենդանիների մոտ հազվադեպ է հանդիպում տարբեր հիվանդություններ՝ չորության, շոգի եւ ճանճերի պատճառով, սակայն համատարած հիվանդություն մեր մունիցիպալիտետում չկա: Պատվաստման աշխատանքներ են իրականացվել Դիլիֆ, Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի եւ Ղուլալիս գյուղերում: Այս պահին պատվաստման աշխատանքները ընթացքի մեջ են Հեշտիա, Թորիա, Ղաուրմա եւ Ուչմանա գյուղերում»,- NOR -ի հետ զրույցում ասաց Նինոծմիդայի շրջանի սննդի ազգային գործակալության գլխավոր մասնագետ Հովհաննես Մնդլյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.