ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան աջակցության Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին, Politico-ին հայտնել են այցին ծանոթ երկու անձինք:
Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ՝ G-7 խոսնակների գագաթնաժողովին Բեռլինում կանգ առնելուց հետո: Նախատեսվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ:
Դա կլինի խոսնակի վերջին դրամատիկ արտասահմանյան ուղևորությունը՝ անցյալ ամիս Թայվան նրա վիճելի ժամանումից հետո:
Փելոսիի այցը մեծ նշանակություն կունենա ամերիկահայ համայնքի համար, որը կոչ է արել քաղաքականապես ավելի շատ կենտրոնանալ ճգնաժամի վրա։
«Հայաստանը չի արժանացել այնպիսի ուշադրության, ինչպիսին Ուկրաինան է ստացել, և դա լույս կսփռի մեր երկրի վրա, հատկապես որ մեկ այլ երկիր հատում է միջազգային սահմանը՝ խախտելով միջազգային իրավունքը», – ասել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը։