Երիտասա՞րդ ես, ակտի՞վ և ոգևորվա՞ծ ես ԵՄ-ի հետ քո երկրի գործընկերությամբ: Ցանկանու՞մ ես ավելին իմանալ ԵՄ-ի կողմից երիտասարդների համար նախատեսված հնարավորությունների մասին, միջազգային ասպարեզում ներկայացնել քո երկիրը և նպաստել համայնքիդ զարգացմանը: Ցանկանու՞մ ես ձեռք բերել նոր հմտություններ և նոր ընկերներ ամբողջ Եվրոպայից, ում հետ կկիսես միևնույն գաղափարներն ու հետաքրքրությունները:
Եթե 16-ից 26 տարեկան ես, լավ տիրապետում ես անգլերենին և հանդիսանում ես Արևելյան գործընկերության 6 երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա) կամ որևէ Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա այսօրվանից կարող ես ներկայացնել դիմում՝ «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից գործարկված «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար:
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը լրացնել այս առցանց դիմումի ձևը: Ընտրության գործընթացը բաղկաղած է մի քանի փուլից. դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող շաբաթների ընթացքում հաջողակ դիմորդները կհրավիրվեն հարցազրույցների և կմասնակցեն նախաձեռնությանն ու ԵՄ-ին առնչվող թեմաների վերաբերյալ հատուկ հանդիպումներին: Դիմումների ներկայացման և ընտրության գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ https://euneighbourseast.eu/young-european-ambassadors/։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականին՝ որպես ԵՄ-ի Արևելյան հարևանության համար «EU NEIGHBOURS east» տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի մաս։
Վրաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը ստանձնում է իր պարտականությունները
Վրաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավար Պավել Հերչինսկին անցել է իր պարտականությունների կատարմանը Թբիլիսիում։
Նախքան Վրաստանում ԵՄ պատվիրակությանը միանալը դեսպան Հերչինսկին եղել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով կառավարող տնօրենը (նստավայրը՝ Բրյուսել)։ Նախկինում նա զբաղեցրել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեում Լեհաստանի դեսպանի (նստավայրը՝ Բրյուսել), ՄԱԿ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի (նստավայրը՝ Նյու Յորք) և Լեհաստանի ԱԳՆ-ի ԵՄ դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնները։
Վրաց ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում դեսպանն ասել է, որ այս նոր աշխատանքն իր համար պատիվ է և մեծ պատասխանատվություն։
«Իմ պաշտոնավարումը տեղի է ունենում ԵՄ-Վրաստան հարաբերությունների ամենակարևոր պահերից մեկում: Եվրոպական խորհրդի՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու պատմական որոշումը նոր իրականություն է ստեղծում։ Իմ թիմի հետ միասին ես անխոնջ կաշխատեմ՝ աջակցելու Վրաստանին դեպի Եվրոպական միություն իր ճանապարհին։ Այս գործընթացին նպաստելու հնարավորություն ունենալը հսկայական արտոնություն է»,- նշել է Հերցինսկին:
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարել է «Ուկրաինայի համար համերաշխության կրթաթոշակների» համար 25 դիմորդի ընտրության մասին: Նրանցից 21-ը Ուկրաինայից են, երեքը՝ Վրաստանից, մեկը՝ Մոլդովայից։
Ֆինանսավորվող ծրագրերը ներառում են աջակցություն ներքին տեղահանվածներին և փախստականներին, մարդասիրական գործողություններ, ապատեղեկատվությանը հակազդելու, պատերազմական հանցագործությունները փաստագրելու և շրջակա միջավայրի վերականգնման ու երիտասարդների հզորացման նախաձեռնություններ։
Այս կրթաթոշակների համար հայտերի ընդունումը մեկնարկել է ապրիլ ամսին՝ աջակցելու քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և քաղաքացիական մտածողությամբ կանանց ու տղամարդկանց, ովքեր խորը նվիրվածություն են ցուցաբերում Ուկրաինայում պատերազմին քաղաքացիական արձագանքին՝ որպես #StandWithUkraine թեմայով արտակարգ աջակցության մաս:
Ներկա դրությամբ կրթաթոշակային շրջանավարտների ցանցն ունի 131 անդամ Արևելյան գործընկերության 6 երկրներից: 2017-2020թթ. շրջանավարտների և նրանց գործունեության մասին ավելին իմացեք այստեղ:
Այս սեպտեմբերին կմեկնարկի ԱլԳ Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի համար դիմումների ընդունման նոր մրցույթը:
ԵՄ-ը և Վրաստանը թմրանյութերի և թմրամոլության մոնիտորինգի նոր աշխատանքային համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 6-ին Վրաստանը և Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ/EMCDDA) ստորագրել են թմրանյութերի և թմրամոլության ոլորտում իրենց համագործակցությունը հաստատող աշխատանքային համաձայանագիր։
Նոր փաստաթուղթը թույլ կտա իրականացնել գիտելիքների փոխանակում և կարողությունների զարգացում թմրամիջոցների մոնիտորինգի և հաշվետվությունների ոլորտներում, ինչպես նաև՝ թմրամիջոցների հետ կապված խնդիրներին առողջապահական և սոցիալական արձագանքների վերաբերյալ փորձի փոխանակում (օրինակ՝ կանխարգելում, բուժում, վնասի նվազեցում և սոցիալական ինտեգրում):
Համաձայնագիրը կնպաստի նաև Վրաստանի թմրավիճակի մոնիտորինգի ազգային կենտրոնի հզորացմանը, որը ստեղծվել է 2020 թվականին, և կստեղծի ու կզարգացնի նոր հոգեակտիվ նյութերի վերաբերյալ վաղ նախազգուշացման ազգային համակարգ (NPS):
Վրաստանը ներկայումս ներգրավված է թմրամիջոցների վերաբերյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկու նախագծերում՝ երկկողմ տեխնիկական համագործակցության EMCDDA4Georgia (EMCDDA4GE) նախագիծը, որն ուղղված է թմրամիջոցների հետ կապված առողջության և անվտանգության սպառնալիքներին ազգային արձագանքների ուժեղացմանը, և EU4Monitoring Drugs (EU4MD) նախագիծը:
ԵՄ-Վրաստան խորհուրդ. Վրաստանը պետք է շարունակի կարևոր բարեփոխումները և հաղթահարի բևեռացումը
Եվրոպական միությունը և Վրաստանը սեպտեմբերի 6-ին Բրյուսելում անցկացրել են ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի 7-րդ հանդիպումը։ Հանդիպումը համանախագահում էին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ասոցացման խորհրդի հիմնական թեման էր Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը և նրա պատրաստակամությունը՝ տրամադրել թեկնածու երկրի կարգավիճակ, երբ հաշվի առնվեն Եվրոպական հանձնաժողովի կարծիքում նշված առաջնահերթությունները:
Այս համատեքստում ԵՄ-ն ողջունել է Վրաստանի խորհրդարանում մեկնարկած աշխատանքները և կոչ արել իշխող կուսակցությանը համագործակցել քաղաքացիական հասարակության և խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԵՄ-ն ընդգծել է, որ Վրաստանի եվրոպական ուղին հիմնված է արժանիքների վրա, և որ ԵՄ-ն պատրաստ է օգտագործել բոլոր գործիքները՝ դրան աջակցելու համար։
«Վրաստանը պետք է շարունակի կարևոր բարեփոխումները և հաղթահարի բևեռացումը»,- ասել է Ժոզեպ Բորելը Խորհրդին հաջորդած մամուլի ասուլիսում` հավելելով, որ «չկան դյուրանցումներ և ոչ մի կախարդանք: Խոսքը ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ քաղաքական կամքի մասին է, որը վերածվում է արդյունքի»:
Ասոցացման խորհուրդը ողջունել է 2021-2027 թվականների համար ԵՄ-Վրաստան ասոցացման վերանայված օրակարգի ընդունումը և վերահաստատել ԵՄ-Վրաստան հարաբերությունների հետագա ամրապնդման իր հանձնառությունը: ԵՄ-ն նաև կոչ է արել Վրաստանին արդյունավետորեն ապահովել դատական և դատախազական մարմինների անկախությունը, բարեվարքությունը և հաշվետվողականությունը և ընդգծեց մեդիա մասնագետների նկատմամբ բռնության արդյունավետ հետաքննություն ապահովելու անհրաժեշտությունը:
ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատակամ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև իր աջակցությունը հիբրիդային և կիբեր սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու հարցում:
Սեպտեմբերի 10-ին Բաթումում ԵՄ աջակցությամբ անցկացվեց Ստարտափների աշխարհի առաջնության ազգային մրցույթը՝ ընտրելով այն ստարտափը, որը կներկայացնի Վրաստանը Լոս Անջելեսում կայանալիք միջազգային մրցույթում:
Մրցույթին մասնակցել են վրացական տասը առաջատար ստարտափներ։ Դրանցից Theneo-ն, որը զբաղվում է բարձրորակ, ինտերակտիվ API փաստաթղթերի (տեխնիկական փաստաթղթեր) ստեղծման եղանակների ուսումնասիրություններով, զբաղեցրել է առաջին տեղը:
Վրացական լավագույն ստարտափը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում սեպտեմբերի 30-ին կայանալիք աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթի եզրափակիչ փուլում կպայքարի 1,000,000 ԱՄՆ դոլար ներդրումների գլխավոր մրցանակի համար։ Ավելի քան 70 երկրների վենչուրային կապիտալի և գործարար հատվածի ներկայացուցիչներ կհավաքվեն Սիլիկոնյան հովտում՝ հաղթողին պարզելու համար։
Վրաստանում Ստարտափների աշխարհի առաջնության ազգային մրցույթի անցկացմանն աջակցել են Եվրոպական միությունը, ՄԱԶԾ-ն, ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական անվտանգության ծրագիրը, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը (GITA) և Բաթումիի քաղաքապետարանը՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագրի շրջանակներում, որը համայնքային իշխանությունների հետ համագործակցության ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային նախաձեռնություն է։
Վրաստան. «Տարվա սոցիալական ձեռնարկություն» մրցույթ
«Վրաստանի սոցիալական ձեռնարկությունների ալյանս»-ը կանցկացնի մրցույթ՝ «Տարվա սոցիալական ձեռնարկություն» կոչման համար։
Հաղթողը կհայտարարվի Ալյանսի կողմից նոյեմբերի 17-ին անցկացվելիք Սոցիալական ձեռնարկությունների 11-րդ համաժողովում։
Սոցիալական ձեռնարկությունների համաժողովն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Սոցիալական ձեռներեցության զարգացում՝ հանուն կայուն և ներառական հասարակության» ծրագրի շրջանակներում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը։
Եվրոպական հանձնաժողովը հիմնադրել է գենդերային հավասարության չեմպիոնների համար ԵՄ մրցանակը: Այն կշնորհվի ակադեմիական և հետազոտական կազմակերպություններին, որոնք ակնառու հաջողությունների են հասել գենդերային հավասարության քաղաքականության (ԳՀՔ) իրականացման գործում:
Գենդերային հավասարության չեմպիոնների համար ԵՄ առաջին մրցանակին կարող են դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ և հետազոտական կազմակերպություններ ԵՄ անդամ պետություններից և «Հորիզոն Եվրոպայի» հետ ասոցացված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից:
Մրցանակային անվանակարգերը երեքն են.
Թեկնածու կազմակերպությունները կարող են դիմել նշված երեք անվանակարգերից միայն մեկին: Ընդհանուր առմամբ շնորհվելու է 4 մրցանակ, որոնցից երկուսը՝ առաջին անվանակարգում, մեկական էլ՝ երկրորդ և երրորդ անվանակարգերում:
Յուրաքանչյուր հաղթող կպարգևատրվի 100,000 եվրոյով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 13-ը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։