Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Նինոծմինդա քաղաքում «Վրաստանի Կանաչ շարժում» նախաձեռնության շրջանակներում անցկացվել է համայնքային աշխատանքի օր։
Շաբաթօրյակին մասնակցել են քաղաքապետարանի բոլոր վարչական միավորները՝ քաղաքապետարանի ղեկավարությունը, ինչպես նաև կոմունալ ծառայության աշխատակիցները։
Ինչպես նշեցին մասնակիցները, նման գործողությունները ժամանակավոր երեւույթ են։ Մշտապես մաքուր լինելու համար անհրաժեշտ է, որ բնակիչները ոչ մի տեղ աղբ չշպրտեն և մաքուր պահեն քաղաքը։ Նման միջոցառումներն օգնում են յուրաքանչյուր բնակչի գիտակցել, որ մեր քաղաքի ու գյուղի ապագան մեր ձեռքերում է։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ տարին առնվազն երկու անգամ մենք շաբաթօրյակ ենք անցկացնում քաղաքապետարանի ողջ տարածքում։ Բայց լավ արդյունք ունենալու համար անհրաժեշտ է, որ բնակիչները ոչ մի տեղ աղբ չշպրտեն։ Իսկ երեխային մաքրությանը պետք է սովորեցնել վաղ տարիքից։ Պահպանել մաքրությունը ոչ միայն տանը, այլև փողոցում։
Հավելենք նաև, որ օրերս մոտակա տների բնակիչները աղբից մաքրել են Կլոր լճի տարածքը։ Բնակիչների խոսքով, նրանք, ովքեր գալիս են այստեղ պիկնիկի կամ հանգստի համար, թող հավաքեն իրենց աղբը։