ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայից մինչեւ 1.5 միլիոն հայերի սպանությունն ու արտաքսումը որպես ցեղասպանություն ճանաչելու 2021-ի ապրիլի 24-ի որոշումը ողջունելի էր եւ հասունացած։ Սակայն քառասունութ ժամ անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նվեր արեց Ադրբեջանում գտնվող Թուրքիայի «եղբայրներին»՝ թույլտվություն տալով շեղվել Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որը վերաբերում է ազգային անվտանգությանը: 907-րդ հոդվածն արգելում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանի կառավարությանը՝ հայերի դեմ ագրեսիայի պատճառով, The National Interest-ի համար գրում է ԱՄՆ երեք նախագահների նախկին ավագ խորհրդական Դեվիդ Ֆիլիպսը։ Փոխանցում է News.am-ը։
«Բայդենն ու Բլինքենը պետք է ավելի լավ իմանային` խաղաղացումը չի աշխատում։ Թուրքիան եւ Ադրբեջանը կրկին չհրահրված հարձակում գործեցին Հայաստանի վրա:
The New York Times-ը նշել է. «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի եւ հարակից տարածքների շուրջ 30 տարվա փաստացի սառեցված հակամարտության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը հարձակվեց հայկական ՀՕՊ համակարգերի եւ հայկական տարածքում տեղակայված հրետանու վրա»: Հաղորդվում էր Հայաստանի տարածքում սաստիկ կրակի մասին, որն ուղղված է քաղաքացիական անձանց տների եւ ենթակառուցվածքների դեմ՝ չնայած թուրքական եւ ադրբեջանական հերքումներին եւ մեղքը բարդելու փորձերին: Այդպիսի պահվածքը նորություն չէ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համար, ով անդրսահմանային գործողություններ է սկսեց՝ նախկին օսմանյան տարածքներում թուրքական ազդեցության գոտի ստեղծելու համար։ Էրդողանն իրականացնում է նեոօսմանյան օրակարգը՝ հարձակվելով Սիրիայում եւ Իրաքում քրդերի վրա, զորքեր տեղակայելով Լիբիայում եւ Միջերկրական ծովի արեւելքում եւ օգտագործելով Ադրբեջանը՝ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների համար: ԱՄՆ-ն պատասխանել է՝ Թուրքիային դուրս բերելով F-35 կործանիչների ծրագրից։ Սակայն Վաշինգտոնը պատժամիջոցներ չկիրառեց՝ «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CATSA) համաձայն։ Թուրքիան Ռուսաստանից «Ս-400» հրթիռների գնումը կասեցնելու փոխարեն կրկնապատկեց իր գնումները եւ ավելի շատ հրթիռներ գնեց Մոսկվայից։ Բացի այդ, Թուրքիան բաժանվեց ՆԱՏՕ-ից՝ հրաժարվելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար։ Թուրքիան օգնում է ռուս օլիգարխներին խուսափել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցներից։ Բայդենի վարչակազմը աչք է փակում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ներքին խախտումների եւ պատերազմ հրահրելու վրա՝ հուսալով, որ Թուրքիան կարող է կառուցողական միջնորդ դեր խաղալ։ Ադրբեջանը թյուրքական երկիր է, որը Թուրքիային իր «մեծ եղբոր» պես է վերավերվում։
2020-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա եւ հանցագործություններ կատարեց, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք՝ խախտելով Ժնեւի կոնվենցիաները, եւ մշակութային ցեղասպանություն՝ հարձակվելով հայկական եկեղեցիների եւ կրոնական սրբապատկերների վրա։ Միջազգային հանրությունը Ռուսաստանին փոխանցեց խաղաղապահ օպերացիաներ անցկացնելու դերը եւ դրանով իսկ խաթարեց խաղաղության հեռանկարները: Ամերիկյան laisser-faire լեյսեր-ֆեյր մոտեցումը վնասում է նաեւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբին, որին հանձնարարված է միջնորդությունը հակամարտության մեջ:
Վերջերս փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում լավ քայլ է, որը կարող է աշխուժացնել միջազգային միջնորդությունը: Միացյալ Նահանգները քննադատում է հայկական տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումները, սակայն խոսքերը քիչ նշանակություն ունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար: Թուրքիայի աջակցությամբ եւ թուրքական զենքով Ալիեւը կարծում է, որ կարող է անհետեւանք հարձակվել հայերի վրա։ Իրականում ԱՄՆ-ն խրախուսում է Ադրբեջանի ագրեսիան։ Արեւմուտքը դիմել է Ադրբեջանին, Վենեսուելային եւ Իրանին՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարը փակելու Ռուսաստանի որոշումից հետո էներգակիրների մատակարարման բացը լրացնելու համար:
Ուկրաինան Բայդենի գլխավոր առաջնահերթությունն է, որը վեր է մյուս հարցեր, այդ թվում՝ մարդու իրավունքները: Ադրբեջանը պետք է գին վճարի միջազգային իրավունքի խախտմամբ ինքնիշխան պետության վրա հարձակման համար:
Բայդենի վարչակազմը կարող է գրավել Ալիեւի ուշադրությունը՝ չեղարկելով 907-րդ հոդվածի կիրառումից հրաժարումը: Երկկուսակցական օրենսդրությունը, որը ներկայացվել է Կոնգրեսի պատգամավոր Ադամ Շիֆի եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից, դատապարտում է Ադրբեջանի չհրահրված հարձակումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա, «անհապաղ եւ անվերապահ զինադադարի» կոչ է անում։ Նա նաեւ պահանջում է դադարեցնել ցանկացած օգնություն Ադրբեջանին, որի ագրեսիան Կովկասում հայերի քրիստոնեական դարավոր ներկայությունը ոչնչացնելու փորձ է։
Խորհրդարանի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ աջակցություն հայտնելու համար։ Տարածաշրջանի օբյեկտիվ դիտորդները տարակուսած են Բայդենի վարչակազմի հակասական հայտարարություններից Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ: Անկասկած, հայկական ծագման ամերիկացիներն իրենց դժգոհությունը կհայտնեն միջանկյալ ընտրությունների ժամանակ, եթե Բայդենը զգալի քայլեր չձեռնարկի՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիային։
Վճռական պատասխանը սկսվում է 907-րդ հոդվածից հրաժարվելու վերացումից եւ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ օգնության եւ ներկայության զգալի աճից՝ ժողովրդավարական Հայաստանը պաշտպանելու համար: Ինչպես Ուկրաինայի դեպքում, Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի ինքնիշխան պետության եւ ռազմավարական գործընկերոջ դեմ թուրքական ագրեսիան կանխելու համար»,- գրում է Ֆիլիպսը։