Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել

Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նշել է, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացել է, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։

Պուտինը նաև վստահեցրել է, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։

Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրել է, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարել է Պուտինը։