Ղազախստանի իշխանությունները, առանց Մոսկվայի թույլտվության, մշտական բնակության թույլտվություն չեն տրամադրի Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը այն բանից հետո, երբ Կրեմլը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել Ուկրաինայի հետ պատերազմում ռազմական կորուստները լրացնելու համար։
Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ղազախստանի խորհրդարանի նախագահ Մաուլեն Աշիմբաևին, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։
Սեպտեմբերի 22-ին Աշիմբաևը Աստանայում լրագրողներին ասել է, որ Ղազախստանի իրավապահ և միգրացիոն իշխանությունները աշխատում են օրենքին համապատասխան՝ քննարկելով օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ռուսաստանցիների դիմումները երկրում մշտական բնակության համար։
«Մեր պաշտոնական հաստատությունները կացության թույլտվություն չեն տրամադրի այն անձանց, ովքեր չեն տրամադրում փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ իրենց քաղաքացիության երկիրը դեմ չէ նրանց տեղափոխմանը Ղազախստան», – ասել է Աշիմբաևը։
Նա նաև հավելել է, որ երկրի պետական իշխանությունները տեղյակ են Ղազախստան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների թվի կտրուկ աճի իրավիճակի մասին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարեց։ Կրեմլի այս որոշումը դրդեց զգալի թվով ռուս տղամարդկանց մեկնել արտերկիր, դեպի Երևան և Ստամբուլ ուղիղ չվերթների բոլոր տոմսերը շատ արագ սպառվեցին, և շատ կիլոմետրանոց հերթեր գոյացան շատ հարևան պետությունների սահմաններին: