Միգրանտների նոր հոսքը կթանկացնի անշարժ գույքի վարձավճարները
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դեպի Վրաստան աճող միգրացիան հանգեցրել է անշարժ գույքի շուկայում զգալի փոփոխությունների։ Թբիլիսյան անշարժ գույքի շուկայի վերաբերյալ TBC Capital-ի վերջին հետազոտության համաձայն՝ օգոստոսին մայրաքաղաքում բնակարանների վարձակալության գներն աճել են գրեթե 80%-ով։ Ինչ վերաբերում է վաճառվող անշարժ գույքի գնին, ապա, ըստ TBC Capital-ի, դրա գինը Թբիլիսիում տարեկան աճել է 26,5%-ով, իսկ մեկ քառակուսի մետրի դիմաց վաճառքի միջին գինը հասել է 999 դոլարի։ Ըստ գործարքների քանակի՝ ամենաշատ անշարժ գույքը վաճառվել է Դիդի Դիղոմում, Կրծանիսում և Սաբուրթալոյում։ Վարձավճարըաճել է տարեկան 60%-ով։
Անշարժ գույքի գործակալությունների տվյալներով՝ Թբիլիսիում մի շարք կատեգորիաների տարածքներ վարձակալելը գործնականում անհնար է։ Գինը բարձրացել է նաև անշարժ գույքի ձեռքբերման դեպքում։ Ընկերությունները չեն բացառում, որ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան կհանգեցնի Վրաստան միգրանտների նոր հոսքի, որն էլ ավելի կբարձրացնի գները։
«Ռուսաստանից մեկնողների թիվն ակտիվորեն ավելանում է։ Եթե դիտարկենք հիմնական ուղղությունները՝ ըստ վաճառված ավիատոմսերի, ապա Թուրքիան և Հայաստան են։ Ամենայն հավանականությամբ, այդ մարդկանց մի մասը կհայտնվի Վրաստանում։ Գրեթե անհնար է ասել, թե դա ինչ ազդեցություն կունենա, այնուամենայնիվ, ապագայում կազդի վարձավճարի վրա»,- ասում է TBC Capital-ի հետազոտող Գիորգի Ճավանաձեն։
Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի պատճառով «Ռենթալս»-ի կառավարիչ գործընկերը չի բացառում միգրանտների նոր հոսքի մուտքը Վրաստան։
Տեղեկության համար, ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիների կողմից գրանցված գույքերի թիվը կազմել է մինչև 3600, իսկ ամենամեծ թիվը՝ 717 միավոր, գրանցվել է հուլիսին։ Բացի այդ, ի պատասխան պատգամավորի հարցին՝ արդարադատության նախարարությունը պարզաբանում է, որ 2022 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ Վրաստանում անշարժ գույք ունի Ռուսաստանի 22 719 քաղաքացի։ Բացի այդ, ավելացել է նաև կացության թույլտվությունների թիվը։ Ընթացիկ տարվա 7 ամսում նման փաստաթուղթ են ստացել ՌԴ 2017 քաղաքացի: